«Երևանում որևէ ինքնակամ կառույց այլևս չի օրինականացվելու». քաղաքապետ Հրաչյա Սարգսյան

«Երևանում որևէ ինքնակամ կառույց այլևս չի օրինականացվելու». աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը, անդրադառնալով արձանագրվող դեպքերին ու թեժ գծով ստացվող ահազանգերին, բնակիչներին մեկ անգամ ևս հորդորել է զերծ մնալ ապօրինի գործողություններից:
***
Մայրաքաղաքում քաղաքացիների դժգոհությունները հաճախակի են թափառող կենդանիների հետ կապված: Աշխատակազմին ներկայացնելով «Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոն» ՀՈԱԿ-ի տնօրենի ժ/պ Արմեն Բեգոյանին՝ քաղաքապետը հանձնարարել է գրանցել առկա խնդիրներն ու պատրաստել համապատասխան արձանագրություններ՝ դրանց համալիր լուծումներ տալու նպատակով:
***
Երևանյան փողոցներից կապամոնտաժվեն ոչ պիտանի գովազդային վահանակները: Բոլոր վարչական շրջաններում գույքագրման աշխատանքներն արդեն ավարտվել են: Գործընթացը կմեկնարկի ապրիլի 1-ից:
***
Արաբկիր և Շենգավիթ վարչական շրջաններում սուբսիդիոն պայմանագրերի համաձայն մեկնարկել են չլուսավորվող փողոցների արտաքին լուսավորության ցանցի կառուցման աշխատանքները:
***
Ավարտական ակտերի և շինթույլտվությունների տրամադրման հետ կապված ուշացումները հաճախ կապում են քաղաքապետի զբաղվածության և դրանք չստորագրելու հետ: Անդրադառնալով երևույթին՝ քաղաքապետ Սարգսյանը նշել է, որ տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը: Միաժամանակ նշվել է, որ ծանրաբեռնվածության առումով խնդիրներ կան շինթույլտվությունների տրամադրման հետ կապված, և քաղաքացիներին որակյալ ծառայություններ մատուցելու նպատակով քաղաքապետարանն այսօր կառուցվածքային փոփոխություններ է նախաձեռնել ճարտարապետության և քաղաքաշինության վարչությունում:
***
Երևանի Շենգավիթի համալիր մարզաձևերի մանկապատանեկան մարզադպրոցի ևս երեք դահլիճ կհիմնանորոգվի: Աշխատանքների սկիզբը նախանշված է 2023 թվականին: Հանձնարարվել է մարզադահլիճների հիմնանորոգման նախագծման մրցույթը հայտարարել արդեն այս տարի:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել