Ցիկլոնի ազդեցությունը պահպանվելու, սպասվում է բուք․ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն

Մարտն աչքի է ընկնում խիստ ցածր ջերմային ֆոնով և բացառիկ առատ ձյան տեղումներով։ Այս մասին հայտնում են Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից։

«Հատկապես վերջին 8 օրերին հանրապետության ամբողջ տարածքում օդի օրական միջին ջերմաստիճանը նորմայից ցածր է 6-8 աստիճանով։

Տեղումների քանակն այսօրվա դրությամբ՝ բացառությամբ Արարատյան դաշտի, հանրապետության մեծ մասում կազմում է նորմայի 150-200, առանձին հատվածներում՝ 210-230%-ը։ Վերջին երեք օրերին հզոր ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված` հանրապետության առանձին շրջաններում դիտվել է ռեկորդային քանակի ձյուն։ Մասնավորապես Տավուշի, Լոռիի, Սյունիքի առանձին հատվածներում 3 օրվա ընթացքում ձյան ծածկն ավելացել է 60-70սմ-ով, իսկ առանձին բնակավայրերում հասել է 100սմ-ի և ավելին։

Մարտի 20-ին հանրապետության մեծ մասում դիտված սաստիկ բքի պատճառով` մի շարք ճանապարհներ եղել են անանցանելի:

Վերջին 40 տարիների ընթացքում մեր երկրում մարտ ամսին նման ինտենսիվությամբ և երկարատև ձյան առատ տեղումներ չեն գրանցվել։

Մարտի 21-25-ը հանրապետության տարածքում ցիկլոնի ազդեցությունը պահպանվելու է, սակայն համեմատած մարտի 20-ի հետ` այն զգալիորեն կկորցնի իր ուժը։

Առաջիկա 5 օրերին պարբերաբար հանրապետության առանձին շրջաններում ձյան տեսքով տեղումները կշարունակվեն, լեռնային գոտիներում սպասվում է բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։

Օդի ջերմաստիճանն առաջիկա 5 օրերին առանձնապես չի բարձրանալու, այն կշարունակի կլիմայական նորմայից ցածր մնալ մոտ 5-8 աստիճանով»,-նշվում է հաղորդագրության մեջ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել