Հանդիպման սկզբում Լիլա Փիթրս Յահիան շնորհավորել է տիկին Գրիգորյանին այս պատասխանատու առաքելությունը ստանձնելու կապակցությամբ՝ վստահություն հայտնելով, որ նա իր մեծ ավանդը կունենա Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանի հաստատության մանդատի լավագույնս իրականացման գործում:
Այս մասին հայտնում են Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից:
Հանդիպման ընթացքում ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանն Լիլա Փիթրս Յահիային ներկայացրել է վերջերս Արցախ կատարած այցի ընթացքում արձանագրված փաստերն ու հետևությունները, խոսել Արցախում առկա հումանիտար իրավիճակի մասին: Այս համատեքստում Մարդու իրավունքների պաշտպանն անդրադարձել է ավելի քան մեկ շաբաթ տևող Արցախի գազամատակարարման փաստացի դադարեցման ու այդ ֆոնին ենթադրյալ խափանումը վերականգնելուն Ադրբեջանի կողմից խոչընդոտելուն, ինչի արդյունքում ավելի քան 100.000 մարդ եղանակային ցուրտ պայմաններում զրկվել է ջեռուցման հնարավորությունից: Արդյունքում խախտված են անձանց կրթության, առողջության պահպանման իրավունքները: Քրիստիննե Գրիգորյանը նշել է, որ մինչ այս պահը գազամատակարարումը դեռ վերականգնված չէ, և այդ ֆոնին էլեկտրաէներգիայի հաճախակի դադարումներն անտանելի պայմաններ են ստեղծում մարդկանց կյանքի համար:
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը ներկայացրել է նաև Արցախի սահմանային գյուղերում տիրող իրավիճակը, հատուկ անդրադարձել է կատարվել Խրամորթ և մի շարք այլ գյուղերի բնակչության նկատմամբ ադրբեջանական զինված ուժերի կողմից շարունակվող ահաբեկման գործողություններին, որոնք ուղեկցվում են ինտենսիվ կրակոցներով՝ նաև ցավալիորեն հանգեցնելով խաղաղ բնակիչների շրջանում վիրավորումների: Պաշտպանը նշել է, որ այդ ամենն ադրբեջանական կողմից հետևողական կերպով իրականացվող էթնիկ ատելության քաղաքականություն է՝ միտված Արցախի հայաթափմանը:
Պաշտպանը մտահոգություն է հայտնել, որ միջազգային կազմակերպություններին ուղղված իր կոչերն ու փաստերի ներկայացումը համարժեք արձագանք չեն ստանում հատկապես այն ֆոնին, երբ մարդու իրավունքների պաշտպանության մանդատ ունեցող կազմակերպությունները Արցախում իրավիճակին ծանոթանալու հնարավորություն չունեն, ինչը այլ զարգացումների ֆոնին օբյեկտիվորեն հարցեր է առաջացնում հայ հասարակության շրջանում:
Տիկին Լիլա Փիթրս Յահիան կարևորել է Պաշտպանի կողմից ՄԱԿ մարդու իրավունքների մեխանիզմներն օգտագործելու հետևողականությունը:
Մարդու իրավունքների պաշտպանն իր հերթին բարձր է գնահատել Հայաստանում ՄԱԿ-ի տարբեր գործակալությունների և ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի հաստատության համագործակցությունը տարբեր ոլորտներում, մասնավորապես, խոշտանգումների և վատ վերաբերմունքի կանխարգելման, կանանց տնտեսական ու քաղաքական հզորացման, ինչպես նաև երեխաների ու հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության հարցերում:
Քրիստիննե Գրիգորյանը Լիլա Փիթրս Յահիային ներկայացրել է նաև Պաշտպանի հաստատության առաջնահերթությունները, որոնք ներառում են անվտանգային հարցերով որոշումներում մարդու իրավունքներից բխող մոտեցումների ներդրման, ատելության խոսքի դեմ պայքարի, իրավահավասարության համապարփակ իրավական շրջանակի ստեղծման, ինչպես նաև կանանց իրավազորման հարցերը:
Հանդիպման վերջում կողմերը վերահաստատել են հանձնառությունը շարունակելու սերտ համագործակցությունը, մտքեր են փոխանակել առաջիկա ծրագրերի վերաբերյալ և ձեռք բերել կոնկրետ հարցերի վերաբերյալ պայմանավորվածություններ: