«Արծափ Գրուպ» ՍՊ ընկերությունը տուգանվել է 4 միլիոն դրամով. ՔՏՀԱ տեսչական մարմին

2022 թվականի հունվարի 7-ին ՔՏՀԱ տեսչական մարմին է մուտքագրվել քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում քննվող թիվ 50157521 քրեական գործով քրեական հետապնդում չիրականացնելու և քրեական գործով վարույթը կարճելու մասին 30․12․2021 թվականի որոշումը։ Նշված որոշման ուսումնասիրությունից պարզվել է, որ քրեական գործի նախաքննության ընթացքում հիմնավորվել և ապացուցվել է, որ  «Արծափ Գրուպ» ՍՊ ընկերությունը, «ZIL 130» մակնիշի 36 RL 469 հաշվառման համարանիշի և «ZIL 130» մակնիշի 35 FU 141 հաշվառման համարանիշի ավտոմեքենաների վրա տեղադրել է գազաբալոնային համակարգեր և 2020 թվականի հունվարի 10-ից իրականացնում է սեղմված բնական գազի մանրածախ վաճառք՝ շահագործելով արտադրական վտանգավոր օբյեկտներ հանդիսացող շարժական լցավորման կայաներ, որոնք գրանցված չեն արտադրական վտանգավոր օբյեկտների գրանցման ռեեստրում և չունեն ամենամյա տեխնիկական անվտանգության փորձաքննության եզրակացություններ։

Այս մասին հայտնում են քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնից:

Արդյունքում խախտվել են «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» օրենքի 19-րդ հոդվածի 1-ին մասի «ժբ» և «ժդ» կետերի պահանջները։

Վերոգրյալի հիման վրա՝ «Արծափ Գրուպ» ՍՊ ընկերությունը՝ արտադրական վտանգավոր օբյեկտներ հանդիսացող շարժական թվով 2 գազալցակայանները արտադրական վտանգավոր օբյեկտների ռեեստրում գրանցման չներկայացնելու իրավախախտման մասով «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» ՀՀ օրենքի 21-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով ենթարկվել է վարչական պատասխանատվության՝ յուրաքանչյուրի համար 1,000,000 (մեկ միլիոն) ՀՀ դրամ գումարի չափով, ինչպես նաև՝ թվով 2 արտադրական վտանգավոր օբյեկտների տեխնիկական անվտանգության փորձաքննություն չանցկացնելու իրավախախտման մասով «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» ՀՀ օրենքի 21-րդ հոդվածի 5-րդ մասի հատկանիշներով ենթարկվել է վարչական պատասխանատվության՝ յուրաքանչյուրի համար 1,000,000 (մեկ միլիոն) ՀՀ դրամ գումարի չափով՝ ընդհանուր՝  4,000,000 (չորս միլիոն) ՀՀ դրամ գումարի չափով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել