ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել բարձրագույն մասնագիտական կրթության մասնագիտությունների և որակավորումների ցանկում «Քույրական գործ» բակալավրի կրթական ծրագիր ընդգրկելու մասին Կառավարության որոշման նախագիծը:
Նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է աշխատաշուկայում բուժքույրական կրթությանը ներկայացվող պահանջներին համընթաց` առողջապահության ոլորտը բակալավրի կրթությամբ և համապատասխան մասնագիտական գիտելիքներով, հմտություններով ու կարողություններով օժտված բժշկական անձնակազմով համալրելու պահանջով: «Քույրական գործ» բակալավրի կրթական ծրագրի նպատակն է կատարելագործել բուժքույրերի պատրաստումը, որպեսզի նրանք գործեն առավել արհեստավարժ և գրագետ:
Ըստ Առողջապահական ազգային ինստիտուտի (2018)՝ յուրաքանչյուր 10 հազար բնակչին բաժին է ընկնում 56,5 գործող բուժքույր, որը ցածր է մեկ շնչի հաշվով նախատեսված միջին թվից։ Ներկայում Հայաստանում բուժքույրական կրթությունը հասանելի է միայն միջին մասնագիտական կրթության մակարդակում։ Այն եռամյա կրթական ծրագիր է, որը շնորհում է «Բուժքույրական գործ»-ի որակավորում: Բուժքույրերի համար գործում են երեք առանձին մասնագիտացումներ` բուժքույրական գործ, բուժքույրական գործ ախտորոշիչ ծառայություններում, բուժքույրական գործի կառավարում:
Բուժքույրի մասնագիտությունը դարձել է անկախ գիտական ճյուղ, որը շարունակում է զարգանալ առողջության պահպանման մարտահրավերներին դիմակայելու համար: Ներկայում ԱՄՆ-ում և այլ երկրներում՝ ներառյալ հարևան Վրաստանում և Իրանում, կան բուժքույրական կրթության՝ բակալավրի աստիճան շնորհող ծրագրեր։
Բակալավրի աստիճան շնորհող բուժքույրական կրթության կարևորությունը բազմիցս շեշտադրել է այնպիսի հեղինակավոր կազմակերպություն, ինչպիսին ‹‹Բուժքույրական քոլեջների ամերիկյան ասոցիացիան›› է։ Այն վերահաստատել է, որ բակալավրի աստիճան շնորհող բուժքույրական կրթությունը պետք է լինի պրոֆեսիոնալ բուժքույրական գործունեության ոլորտ մուտք գործելու պահանջ։
Բացի դրանից՝ 2019 թվականին Առողջապահության համաշխարհային կազմակերպության՝ Հայաստանի Հանրապետությունում գնահատողական այցի շրջանակում առողջապահական համակարգի մարդկային ներուժի ընթացիկ իրավիճակի գնահատման արդյունքում, ի թիվս այլ խնդիրների, մատնանշվել է, որ քոլեջներում ստանալով մասնագիտական ուսուցում՝ բուժքույրերը մեկ անգամ որակավորվում են, և հետագա ուսուցման կազմակերպման հնարավորություններ այլևս չեն ունենում: ԱՀԿ-ն արձանագրել է նաև, որ Հայաստանում բուժքույրական մասնագիտությունը հետ է մնում միջազգային չափորոշիչներից, ինչն անբարենպաստ է բարձրորակ բժշկական օգնություն և սպասարկում իրականացնելու տեսանկյունից:
Հայաստանում ևս առաջացել է բուժքույրական կրթության կառուցվածքային և ուսումնական պլանների փոփոխման անհրաժեշտություն, որի հիմքով էլ մշակվել է «Քույրական գործ»-ի բակալավրի կրթական ծրագիրը (Bachelor of Science in Nursing/BSN):
Քաղաքացիները և շահառու խմբերը մինչև մարտի 30-ը կարող են նախագծի վերաբերյալ իրենց առաջարկություններն ու դիտողությունները ներկայացնել Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում: