Ընտանեկան գերեզմանի կազմակերպման համար տրամադրվող հողատարածքի առավելագույն չափը սահմանվում է 12 քառ. մետր, որը տրամադրվում է անվճար հիմունքներով, որից ավելի լինելու դեպքում տարածքը տրամադրվում է վճարովի հիմունքներով` ՀՀ կառավարության սահմանած կարգով և չափով:
Ընտանեկան գերեզմանի կազմակերպման համար վճարովի տարածք հատկացվում է չորսից ավելի անդամ ունեցող ընտանիքներին` միայն որպես գերեզմանատեղ օգտագործելու իրավունքով: Վճարովի հիմունքներով հատկացվող հողատարածքի առավելագույն չափը սահմանվում է 10 քառ. մետր:
Վճարովի հողատարածքը հատկացվում է բաց գերեզմանատներում հերթական թաղում իրականացնելու ժամանակ գոյություն ունեցող գերեզմանին կից ազատ տարածքի առկայության դեպքում և նոր ընտանեկան գերեզման հատկացնելու դեպքում` ըստ գերեզմանատան հողերի օգտագործման հաստատված հատակագծի (սխեմայի) և թաղումների հերթականության:
Արգելվում է վճարովի հողատարածքների հատկացումը մասնակի փակ գերեզմանատներում:
Գոյություն ունեցող գերեզմանին կից վճարովի հողատարածքի հատկացումը չպետք է խախտի գերեզմանատան հողերի օգտագործման հատակագիծը (սխեման) և խոչընդոտի հարևան գերեզմանների ու անցումների օգտագործումը: Բաց կամ նոր կազմավորվող գերեզմանատների հողերի օգտագործման հատակագծում (սխեմայում), ելնելով տեղական պայմաններից, կարող են նախատեսվել առանձին հատվածներ (ծառուղիներ)` ընտանեկան գերեզմանների կազմավորման համար, ներառյալ վճարովի հողատարածքները:
Գերեզմանատան տնօրինությունը վճարովի տարածքը հատկացնում է հուղարկավորության կազմակերպումն ստանձնողի դիմումի և մահացածի ընտանիքի անդամների կազմի մասին համապատասխան լիազոր մարմնի կողմից տրված տեղեկանքի հիման վրա:
Վճարովի հիմունքներով հատկացվող հողատարածքի արժեքը որոշում է համայնքի ղեկավարը (Երևանում` Երևանի քաղաքապետը)` օրենքով սահմանված կարգով, ըստ տվյալ գոտու համար սահմանված տարածագնահատման գոտիականության գործակիցների: Հատկացված հողատարածքի արժեքը վճարվում է համայնքի բյուջե (Երևանում` Երևանի քաղաքապետարան), կատարված վճարման դիմաց տրվում է անդորրագիր: Ստացված միջոցներն օգտագործվում են գերեզմանատների պահպանման ու շահագործման համար:
Գերեզմանատան տնօրինությունը վճարման անդորրագրի հիման վրա համապատասխան նշում է կատարում գերեզմանատան հողերի օգտագործման հատակագծում (սխեմայում) և գրանցում գերեզմանատներում գերեզմանատեղերի հաշվառման ու թաղումների գրանցման մատյանում և գերեզմանի վկայականում: Գերեզմանատան տնօրինության ներկայացուցիչը հուղարկավորության կազմակերպումն ստանձնողի հետ տեղում նախանշում է վճարովի հողատարածքի տեղը, չափերը և սահմանասյուներով նշում գերեզմանի սահմանները: