Մարտի 16-ին Մարդու իրավունքների պաշտպանը Պաշտպանի աշխատակազմի, այդ թվում՝ կանխարգելման ազգային մեխանիզմի գործառույթներն իրականացնող ստորաբաժանման ներկայացուցիչների հետ այցելել է ՀՀ արդարադատության նախարարության «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ:
Այս մասին տեղեկանում ենք Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից:
Այցի շրջանակներում ուսումնասիրվել են քրեակատարողական հիմնարկում պահվող կին և անչափահաս ազատությունից զրկված անձանց պահման պայմանները, վերջիններիս առողջության պահապանման և կրթության իրավունքների ապահովման վիճակը, արտաքին աշխարհի հետ կապը, վերասոցիալականացմանն առնչվող հարցերը և այլն: Պաշտպանը առանձնազրույցներ է ունեցել ազատությունից զրկված կանանց և անչափահասների հետ:
Արձանագրվել են հետևյալ հիմնական խնդիրները.
- քրեակատարողական հիմնարկի շենքային պայմանները խիստ անբավարար են. այցի ընթացքում հիմնարկի միջանցքներում և որոշ խցերում բարձր է եղել խոնավության մակարդակը, պատերի ծեփամածիկը եղել է թափված, առկա է եղել վերանորոգման հրատապ անհրաժեշտություն,
- բացակայում են հղի կամ իրենց մոտ մինչև երեք տարեկան երեխա ունեցող կալանավորված անձանց և դատապարտյալների համար նախատեսված խցերը կամ կացարանները, ինչպես նաև վերջիններիս համար հարմարեցված սանհանգույցները և լոգարանները,
- ծնողների հետ բնակվող մինչև երեք տարեկան երեխաների համար նախատեսված չեն կահավորված զբոսաբակեր, խաղահրապարակներ,
- խցերն ապահովված չեն ծնողի հետ բնակվող մինչև երեք տարեկան երեխաների համար նախատեսված մանկական կահույքով, որոշ դեպքերում նաև մանկական մահճակալով,
- «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի «Աբովյան» ստորաբաժանումում առկա չեն մանկահասակ երեխաների առաջին բժշկական օգնության համար նախատեսված դեղամիջոցներ (օրինակ՝ ջերմիջեցնողներ),
- ատամնաբուժական կաբինետում առկա է եղել ժամկետանց դեղորայք,
- ազատությունից զրկված անձինք իրենց դժգոհությունն են հայտնել քրեակատարողական հիմնարկում սննդով ապահովելու գործառույթով պատվիրակված մասնավոր ընկերության կողմից պատրաստվող սննդի որակի և բազմազանության կապակցությամբ.
- առկա են մանկահասակ երեխաներին օրենսդրությամբ սահմանված սննդի համապատասխան չափաբաժիններով և տեսականիով ապահովման հետ կապված խնդիրներ,
- միայնակ պահվող ազատությունից զրկված անչափահասները զրկված են բավարար մարդկային շփման հնարավորությունից,
- առկա են ազատությունից զրկված օտարերկրացի քաղաքացիների հաղորդակցման և դրանով պայմանավորված՝ վերջիններիս իրավունքների ապահովման խնդիրներ:
Հարկ է նշել, որ այցի արդյունքում արձանագրվել են նաև դրական տեղաշարժեր, մասնավորապես՝ ողջունելի են ազատությունից զրկված անձանց համար իրականացվող հանրակրթական ծրագրերը և դրանցում վերջիններիս ներգրավվածությունը:
Վեր հանված խնդիրները քննարկվել են քրեակատարողական հիմնարկի վարչակազմի, ինչպես նաև «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի «Աբովյան» ստորաբաժանման բժշկական անձնակազմի հետ: Արձանագրված խնդիրները սահմանված կարգով կամփոփվեն և դրանց լուծմանն ուղղված առաջարկների հետ միասին կներկայացվեն ոլորտի իրավասու մարմիններին:
Այցի ընթացքում քրեակատարողական հիմնարկի վարչակազմը և բժշկական անձնակազմն ակտիվ համագործակցել են Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչների հետ իրենց լիազորություններն իրականացնելիս, և աշխատանքի խոչընդոտներ չեն առաջացել:
Արձանագրված խնդիրները կամփոփվեն և լուծմանն ուղղված առաջարկներով կներկայացվեն իրավասու մարմնին:

