Քարահունջի վարչական ղեկավարին մեղադրանք է առաջադրվել․ ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Գորիսի քննչական բաժնում քննվող քրեական գործով ձեռնարկված քննչական և դատավարական այլ գործողությունների  արդյունքում պարզվել է Քարահունջ բնակավայրի վարչական ղեկավարի կողմից պաշտոնական փաստաթուղթ ապօրինի ձեռք բերելու և օգտագործելու դեպքի  հանգամանքը:

Այս մասին հայտնում են Քննչական կոմիտեից։

Քննությամբ պարզվել է, որ հիշյալ անձը ընդգրկված չլինելով ՀՀ Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների ժամանակ դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով հավատարմագրված «Իրավական մշակույթի զարգացման ինստիտուտ» տեղական հասարակական կազմակերպություն կողմից ներկայացված ցուցակում և որևէ առնչություն չունենալով հիշյալ կազմակերպության հետ, ապօրինի ձեռք է բերել իրավունք վերապահող պաշտոնական փաստաթղթի ձևաթուղթ:

Այնուհետև, 2021թ. հունիսի 20-ին՝ ՀՀ ԱԺ արտահերթ ընտրությունների օրը, Քարահունջ բնակավայրի վարչական ղեկավարն ընտրատեղամասերից մեկում ընդգրկված լինելով որպես դաշինքներից մեկի վստահված անձ, իր կողմից ապօրինի ձեռք բերված վերոգրյալ փաստաթղթում՝ վկայականում, լրացնելով հորեղբոր որդու տվյալները,  օգտագործելու նպատակով այն տրամադրել է  նրան:

Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ Քարահունջ բնակավայրի վարչական ղեկավարին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 326-րդ հոդվածով և 325-րդ հոդվածի 1-ին մասով, իսկ որպես խափանման միջոց նրա նկատմամբ ընտրվել է ստորագրություն՝ չհեռանալու մասին:

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել