«5165 շարժումը» պահանջում է ՀՀ իշխանություններից հանրայնացնել Ադրբեջանին տրված պատասխանը

«5165 շարժումը» հայտարարություն է տարածել, որում նշվում է.

«Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրելու վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները գրված են վերջնագրային լեզվով։ Այս վերջնագրերին համաձայնելը կնշանակի հայաթափել հայկական Արցախը, կորցնել այն մեկընդմիշտ և դրանով իսկ սրել Ադրբեջանի ախորժակը։ Հայկական կողմի պատասխանը մշուշոտ է և շփոթահար։ Այն կրկին ի ցույց է դնում պատասխանատու անձանց ապիկարությունն ու անկարողությունը պետական հարցերում։

«5165 շարժումը» պահանջում է ՀՀ իշխանություններից հանրայնացնել Ադրբեջանին տրված պատասխանը և միաժամանակ հայտնում հետևյալը․
1. Անթույլատրելի ու անընդունելի է Արցախի հարցի լուծման ցանկացած տարբերակ առանց Արցախի ժողովրդի կամարտահայտման իրավունքի իրացման։
2. Անընդունելի է Արցախի ցանկացած կարգավիճակ Ադրբեջանի կազմում։

Առաջարկում ենք սկսել ակտիվ միջազգային արշավ՝ դիվանագիտական դեմարշ Ադրբեջանի կողմից դրսևորվող ճնշման ու ահաբեկչության քաղաքականության դեմ։ Անհրաժեշտ է գործի դնել արտաքին քաղաքականության ամբողջ գործիքակազմը՝ ներառյալ Սփյուռքի ներուժը, որպեսզի հնարավոր լինի հասնել Ադրբեջանի կողմից գործադրվող բռնության դրսևորումների (գազատարի խափանում, բնակավայրերի ու դիրքերի գնդակոծում և հրետակոծում) դադարեցմանն ու պատժմանը»,- նշված է հայտարարության մեջ։

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Բաքուն հրապարակել էր Հայաստանին ներկայացված առաջարկների հինգ կետերը:

Հայաստանի Արտաքին գործերի նախարարությունն էլ ի պատասխան Ադրբեջանի կողմից փոխանցված առաջարկներին, հայտարարել էր, որ քաղաքական և քաղաքացիական իրավունքների միջազգային դաշնագրի և Հելսինկիի Եզրափակիչ ակտի հիման վրա Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքման նպատակով բանակցություններ կազմակերպելու համար դիմել է ԵԱՀԿ ՄԽ համանախագահությանը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել