Վարչական դատարանը մերժում է հայցադիմումի ընդունումը, եթե՝
1) հայցը ենթակա չէ վարչական դատարանում քննության.
2) նույն անձանց միջև, նույն առարկայի մասին և նույն հիմքերով առկա է դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճիռ.
3) այլ դատարանի վարույթում առկա է նույն անձանց միջև, նույն առարկայի մասին և միևնույն հիմքերով վեճի վերաբերյալ գործ.
4) հայցադիմում է ներկայացրել դրա իրավունքն ակնհայտորեն չունեցող անձը.
5) տասնհինգօրյա ժամկետում հայցվորը չի վերացրել հայցադիմումի այնպիսի թերությունները, որոնց չվերացնելն արգելք է գործի քննության համար.
6) մինչև հայցադիմումը վարույթ ընդունելու մասին որոշում կայացնելը հայցվորը դիմել է այն հետ վերցնելու մասին, բացառությամբ նորմատիվ իրավական ակտերի իրավաչափությունը վիճարկելու վերաբերյալ գործերի։
Անձը գործի հարուցումը մերժելուց հետո չի կարող նույն առարկայի և միևնույն հիմքերով կրկին դիմել դատարան, բացառությամբ վերը նշված՝ 3-6-րդ կետերով նախատեսված դեպքերի։
Վարչական դատարանը հայցադիմումի ընդունումը մերժելու մասին կայացնում է որոշում` եռօրյա ժամկետում որոշումը ուղարկելով հայցվորին և պատասխանողին, իսկ հայցադիմումը և դրան կից փաստաթղթերը՝ հայցվորին: