VISA և MasterCard վճարային համակարգերի որոշմամբ այս պահին ՀՀ տարածքում հասանելի չեն ՎՏԲ-Հայաստան Բանկի քարտերի կիրառմամբ որոշ գործարքներ՝ անկանխիկ վճարումներ առցանց հարթակում և խանութներում, միջոցների կանխիկացում այլ բանկերի բանկոմատներից: Այս մասին հայտնում են բանկից։
«Ընդ որում, բնականոն ռեժիմով հասանելի են՝
.կանխիկի ստացումը ՎՏԲ-Հայաստան Բանկի բոլոր բանկոմատներում և մասնաճյուղերում,
.դրամական միջոցների փոխանցումը և վճարումները (կոմունալ վճարումներ, հաշիվների համալրում, վարկերի մարում և այլն) ՎՏԲ-Հայաստան Բանկի բոլոր մասնաճյուղերում, Մոբայլ և Ինտերնետ բանկինգ հավելվածների, ինչպես նաև Վիդեո բանկ և Հեռախոս բանկ ծառայությունների միջոցով:
ՎՏԲ-Հայաստան Բանկն օպերատիվ միջոցառումներ է ձեռնարկում ՀՀ տարածքում քարտերով կատարվող անկանխիկ վճարումները վերականգնելու ուղղությամբ։
ՎՏԲ-Հայաստան Բանկն ունի մասնաճյուղերի և բանկոմատների ամենալայն ցանցը Հայաստանում։ Երկրի տարածքում գործում են Բանկի 73 մասնաճյուղեր: Բանկի բանկոմատների ընդհանուր թիվը հասնում է 210-ի, որից 101-ը տեղադրված են քաղաք Երևանում, 109-ը՝ ՀՀ մարզերում։
ՎՏԲ Բանկը շարունակում է ստանդարտ ռեժիմով սպասարկել հաճախորդներին։ Աշխատակիցներն օպերատիվ խորհրդատվություն են տրամադրում հաճախորդներին առաջացած բոլոր հարցերի վերաբերյալ, ինչպես նաև, իրականացնում են համալիր միջոցառումներ՝ նրանց շահերը պաշտպանելու համար»,-նշվում է բանկի պաշտոնական կայքում: