Արցախում գազի բալոնի պայթելու 2 դեպք է գրանցվել․ քաղաքացիները գազի մատակարարման բացակայության պատճառով գազաբալոններ են օգտագործում

Արցախի ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից հայտնում են․

«Հարգելի հայրենակիցներ

Բնական գազի մատակարարման բացակայության պատճառով, այս օրերին ԱՀ քաղաքացիների մեծ մասը կենցաղում օգտագործում են գազի բալոններ, որոնք հրդեհավտանգության տեսակետից՝ շատ վտանգավոր են:

ԱԻ պետական ծառայության 911 ահազանգման կենտրոնում արդեն գրանցվել է հրդեհի 2 դեպք, որոնց առաջացման պատճառը գազի բալոնի պայթյունն է: Բարեբախտաբար 2 դեպքում էլ լուրջ վնասներ չեն գրանցվել:

Բնակարաններում գազի բալոնի պայթյունը արտակարգ իրավիճակ է, որը կարող է հանգեցնել շատ լուրջ հետևանքների, հատկապես, եթե բալոնի մոտ այլ ապրանքներ կան:

Նման արտակարգ դրությունը կարող է հանգեցնել ոչ միայն գույքի ոչնչացման, այլև՝ խլել մարդկային կյանքեր։

Մետաղական բալոնների խնդիրն այն է, որ չափազանց դժվար է վերահսկել դրանցում գազի մակարդակը։

Պայթյունի պատճառ է նաև այն, որ բալոնում գազի հարաբերակցությունը չի համապատասխանում նորմերին։

ՆԳ նախարարությունը ԱՀ քաղաքացիներին հորդորում է անցանկալի արտակարգ պատահարներից ու դեպքերից խուսափելու և դժբախտ ելքով պատահարները բացառելու նպատակով՝ խստագույնս պահպանել հակահրդեհային անվտանգության կանոնները:

Հեռ. 911,101,112 /047/ 94 09 11»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել