Գրադարանի ծառայությունից օգտվողներն իրավունք ունեն

Չնայած նրան, որ այժմ համացանցում կարելի է գտնել ցանկացած գիրք և կարդալ այն էլեկտրոնային տարբերակով, սակայն միևնույն է ոչինչ չի կարող փոխարինել տպագիր գրքին և չի կարող հաղորդել այն զգացողությունները, որը պարգևում է «գիրք» կոչվածը:

Մեզ անհրաժեշտ գրքերը գտնելու համար, հաճախ ենք այցելում գրադարաններ: Իսկ ի՞ նչ գործառույթներ են իրականացնում գրադարանները և ի՞ նչ իրավունքներ ունենք մենք` որպես ընթերցողներ:

Գրադարանը իրականացնում է հետեւյալ գործառույթները.

1) հավաքում, կազմակերպում, պահպանում եւ օգտագործման է տրամադրում գրադարանային փաստաթղթերը, դրանց վերաբերյալ եւ այլ բնույթի տեղեկույթ.

2) ցուցակագրում, դասակարգում եւ կազմում է գրադարանի հավաքածուի գրացուցակը եւ մատենագիտությունը

3) ապահովում է գրադարանի հավաքածուի եւ տեղեկատվական համակարգերի մատչելիությունը, բացառությամբ օրենքով սահմանված դեպքերի.

4) ապահովում է գրադարանից օգտվողների համար որակյալ ծառայությունների մատուցումը.

5) նպաստում է կրթությանը, խթանում է ընթերցանությանը, ինքնակրթությանը եւ քաղաքացիների սոցիալական հաղորդակցման գործընթացներին.

6) տրամադրում է գրադարանի հավաքածուի վերաբերյալ անհրաժեշտ տեղեկույթ` Հայաստանի Հանրապետության գրադարանային հավաքածուի պետական գրացուցակի համար.

7) ապահովում է գրադարանային հավաքածուում գտնվող գրավոր հուշարձանների պահպանումը եւ վերականգնումը.

8) ներդնում է նոր տեղեկատվական տեխնոլոգիաներ:

Քաղաքացիների գրադարանային ծառայություններից օգտվելու իրավունքն ապահովվում է`

1) գրադարանների համակարգի միջոցով, գրադարանների տեսակների բազմազանությամբ.

2) գրադարանների զարգացման գործում պետական հոգածությամբ` անկախ նրանց կազմակերպական-իրավական տեսակից, սեփականության ձեւից, բնույթից եւ գործունեության ծավալից:

Գրադարանի ծառայությունից օգտվողներն իրավունք ունեն՝

1) օգտվելու գրադարանի հավաքածուից՝ օրենքով սահմանված կարգին եւ գրադարանից օգտվելու կանոններին համապատասխան

2) օգտվելու միջգրադարանային բաժնույթի ծառայություններից.

3) անվճար ստանալու տեղեկույթ գրադարանային հավաքածուներում ընդգրկված պահանջվող փաստաթղթի վերաբերյալ.

4) օգտվելու գրադարանի ընտրության եւ մատչելիության իրավունքից` իր պահանջմունքներին եւ հետաքրքրություններին համապատասխան:

Ֆիզիկական սահմանափակումներ ունեցող անձինք իրավունք ունեն գրադարանային ծառայություններից օգտվելու համապատասխան սպասարկման այլ միջոցներով:

Գրադարանի ծառայությունից օգտվողները պարտավոր են պահպանել գրադարանի ծառայություններից եւ գրադարանային հավաքածուից օգտվելու կանոնները:

Գրադարանի հավաքածուին եւ (կամ) այլ գույքին վնաս պատճառելու դեպքում գրադարանի ծառայությունից օգտվողը վերականգնում է գրադարանի հավաքածուն եւ (կամ) այլ գույքը կամ փոխհատուցում դրանց շուկայական արժեքի չափով: Գրադարանային հավաքածուներից օգտվելու կանոնները խախտելու դեպքում գրադարանի ծառայությունից օգտվողը պատասխանատվություն է կրում օրենքով սահմանված կարգով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել