«Բերդ» պարային անսամբլի գլխավոր պարուսույց, մանկավարժական գիտությունների թեկնածու, դոցենտ Կարեն Գևորգյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Խոր ցավով հայտնում ենք, որ անժամանակ կյանքից հեռացավ հայ մշակույթի անխոնջ պահապան, Հայ ֆիլհարմոնիայի երկարամյա տնօրեն, մշակութային և հասարակական գործիչ, անկրկնելի մարդ և ընկեր ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, մանկավարժական գիտությունների թեկնածու, դոցենտ Գագիկ Զալիկի Մանասյանը:
Նրա ապրած ողջ կյանքը համակ նվիրում էր հայ մշակույթին և ազգային հոգևոր ժառանգությանը, որպես գիտնական և դասախոս ու բացառիկ մտավորական Գագիկ Մանասյանը սիրված ու հարգված անձնավորություն էր թե իր ղեկավարած կոլեկտիվներում և թե հանրության մեջ:
Նա մարդասիրության և ընկերասիրության բացառիկ օրինակ էր մեզ համար: Գագիկ Մանասյանը անգնահատելի ծառայություն է մատուցել արվեստի և մշակույթի ուղին բռնած հազարավոր անհատների, ովքեր այսօր խորապես վշտակցում են նրա ընտանիքին և բոլոր հարազատներին: Գագիկ Մանասյանի ինքնանվիրումով ապրած կյանքը, նրա ողջ կենսագրությունը անջնջելի հետք են թողնելու գալիք սերունդների հոգիներում:
Գնաս խաղաղությամբ մշակույթի գիտակ, անզուգական մտավորական, ազգային մշակույթի անխոնջ պահապան, պատվարժան մարդ և սիրելի ընկեր»,- գրել է նա: