Կոչ ենք անում քաղաքացիներին խուճապային տրամադրություններ չառաջացնել և անհարկի գնումներ չկատարել. Վահան Քերոբյան

Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Ռուսաստանյան, ինչպես նաև հայաստանյան ԶԼՄ-ներում վերջին երկու օրերին տարածվող տեղեկատվության վերաբերյալ, համաձայն որի նախատեսվում է սահմանափակել ՌԴ-ից մի շարք պարենային ապրանքատեսակների արտահանումը ԵԱՏՄ երկրներ, տեղեկացնում եմ, որ Հայաստանի պարենային անվտանգության խնդիրները գտնվում են ՀՀ կառավարության ուշադրության և անմիջական վերահսկողության տակ։

Մինչ այս պահը, ՌԴ կառավարության կողմից չկա հաստատված որոշում պարենային ապրանքների արտահանման արգելքի վերաբերյալ, հետևաբար Հայաստան ապրանքների ներմուծումն իրականացվում է բնականոն կերպով։

Հայաստանի Հանրապետությունում ներկայումս նվազագույն պարենային զամբյուղում ներառված ապրանքների մասով կանխատեսվող դեֆիցիտ չկա։ Մենք կապի մեջ ենք ռուսաստանյան մեր գործընկերների հետ, և նույնիսկ արտահանման հնարավոր սահմանափակումների վերաբերյալ ՌԴ կառավարության որոշման պարագայում՝ Հայաստանի Հանրապետությունն ունի բնակչության պարենային անվտանգությունն ապահովելու բոլոր անհրաժեշտ ռեսուրսները։

Ռուսաստանի Դաշնության հացահատիկի ինքնաբավությունը կազմում է շուրջ 150 տոկոս, ինչը նշանակում է, որ ՌԴ-ն ունի բավարար պաշարներ ներքին սպառման և արտահանման համար։

Կոչ ենք անում քաղաքացիներին խուճապային տրամադրություններ չառաջացնել և անհարկի գնումներ չկատարել»,- գրել է նա։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել