Առուվաճառքի պայմանագրով կողմերից մեկը (վաճառողը) պարտավորվում է մյուս կողմին (գնորդին) որպես սեփականություն հանձնել (գույք) ապրանք, իսկ գնորդը պարտավորվում է ընդունել այդ ապրանքը և դրա համար վճարել որոշակի գումար (գինը):
Պետք է նկատի ունենալ, որ անշարժ գույքի պայմանագիրը որոշակիորեն տարբերվում է առուվաճառքի մյուս պայմանագրերից: Մասնավորապես, եթե սովորական առուծախի պայմանագրով կողմի համար իրավունքներ են առաջանում պայմանագրի կնքմամբ կամ գույքը հանձնելու պահից, ապա անշարժ գույքի առուվաճառքի պայմանագրով իրավունքները ծագում են միայն դրանց պետական գրանցման պահից: Տարբերվում է նաև անշարժ գույքի պայմանագրի կնքման ձևը:
Վաճառողը, անշարժ գույքի առուվաճառքի (այսուհետ` անշարժ գույքի վաճառքի) պայմանագրով պարտավորվում է գնորդի սեփականությանը հանձնել հողամաս, շենք, շինություն, բնակարան կամ այլ անշարժ գույք:
Անշարժ գույքի վաճառքի պայմանագիրը կնքվում է գրավոր` կողմերի ստորագրությամբ մեկ փաստաթուղթ կազմելու միջոցով:
Անշարժ գույքի վաճառքի պայմանագիրը ենթակա է նոտարական վավերացման:
Անշարժ գույքի վաճառքի պայմանագրով անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքի փոխանցումը գնորդին ենթակա է պետական գրանցման:
Մինչև սեփականության իրավունքի փոխանցման պետական գրանցումն անշարժ գույքի վաճառքի պայմանագիրը կատարելը հիմք չէ այդ պայմանագրի կողմերի հետ երրորդ անձանց ունեցած հարաբերությունների փոփոխման համար: