ՄԻԵԴ-ը Վարդան Մինասյանի գործով հարցեր է առաջադրել ՀՀ կառավարությանը

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) հարցեր է առաջադրել ՀՀ կառավարությանը՝ ոստիկանության ՊՊԳՎ նախկին պետ, ոստիկանության պաշտոնաթող գնդապետ Վարդան Մինասյանի առողջական վիճակի կապակցությամբ: Այս մասին նշված է Մինասյանի պաշտպան Սամվել Դիլբանդյանի տարածած հայտարարության մեջ, որը ներկայացնում ենք ստորև.

2022թ. մարտի 4-ին դիմել ենք մարդու իրավունքների եվրոպական դատարան (ՄԻԵԴ), խնդրելով՝ Վարդան Մինասյանի առողջական վիճակով պայմանավորված, ձեռնարկել միջանկյալ միջոց՝ Վ.Մինասյանի կալանավորումը փոխարինել առավել մեղմ խափանման միջոցով:

2022թ. մարտի 7-ին, այսինքն 3 օր անց, ՄԻԵԴ-ը ՀՀ կառավարությանը հարցեր է առաջադրել Վ.Մինասյանի առողջական վիճակի կապակցությամբ:

Շուրջ 4 ամիս է, թե դատարանների և թե ՀՀ հակակոռուպիոն կոմիտեի առջև բարձրացնում ենք խնդիր առ այն, որ Վ.Մինասյանը տառապում է հիվանդություններով, որոնք ներառված են ՀՀ կառավարության N-825-Ն որոշմամբ հաստատված կալանքի հետ անհամատեղելի հիվանդությունների կողմնորոշիչ ցանկում, ուստի Վ.Մինասյանի նկատմամբ չի կարող որպես խափանման միջոց ընտրվել կալանավորումը:

Թե դատարանները և թե հակակոռուպցիոն կոմիտեն մինչ օրս անտեսում են վերը նշված հանգամանքը, ավելին՝ անգամ բժշկական փորձաքննություն չեն նշանակում պարզելու համար, թե արդյոք Վ.Մինասյանի առողջական վիճակով պայմանավորված վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը կարող է կիրառվել, թե՝ ոչ:

Հատկանշական է այն հանգամանքը, որ ՄԻԵԴ-ը հրատապ կարգով՝ 3 օրում, արձագանքել է մեր գանգատին՝ մտահոգվելով Վ.Մինասյանի առողջությանն ու կյանքին սպառնացող իրական վտանգի առնչությամբ, սակայն ՀՀ դատարաններն ու հակակոռուպցիոն կոմիտեն շուրջ 4 ամիս է անտեսում են մեր միջնորդություններն ու փաստարկները Վ.Մինասյանի առողջական վիճակի կապակցությամբ:

Կալանավորման հետ անհամատեղելի հիվանդություններով տառապող Վարդան Մինասյանի տևական ազատազրկումը հանգեցրել է նրա առողջական վիճակի շարունակական վատթարացմանը: Ներկայումս էլ, Վարդան Մինասյանի մոտ առկա առողջական խնդիրները շարունակում են խորանալ՝ իրական վտանգ ստեղծելով նրա կյանքի համար: 

Լիահույս ենք, որ ՄԻԵԴ արձագանքը հայրենի իրավապահ մարմինների համար կունենա սթափեցնող նշանակություն և հրատապ կարգով կձեռնարկվեն անհրաժեշտ միջոցներ Վարդան Մինասյանի կյանքին սպառնացող վտանգը վերացնելու և Կոնվենցիայի 2-րդ և 3-րդ հոդվածներով երաշխավորված իրավունքների խախտումը վերացնելու ուղղությամբ: 

Ավելի վաղ Վարդան Միասյանը հայտարարությամբ էր հանդես եկել՝ նշելով, որ Հակակոռուպցիոն կոմիտեն իրեն «կարգել է» որպես հանցագործ, իսկ քննիչը ձեռք չի բերել իր մեղավորությունը հաստատող բավարար ապացույցներ։

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, 2021 թվականի դեկտեմբերի 4-ին կալանավորվել էր  ՀՀ ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության նախկին պետ Վարդան Մինասյանը (2015-2016թթ):

Հիշեցնենք, որ Հակակոռուպցիոն կոմիտեն դեկտեմբերի 3-ին հայտարարություն էր տարածել, ըստ որի

«ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական գործի նախաքննությամբ բացահայտվել է առանձնապես խոշոր չափերով գումարների յուրացման կազմակերպման և հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով գույքի օրինականացման/փողերի լվացում/ կոռուպցիոն սխեմա, որում ներգրավված են ՀՀ ոստիկանության նախկին պաշտոնատար անձինք:

Քրեական գործի նախաքննությամբ ձեռք է բերվել բավարար ապացույցների համակցություն, որով հիմնավորվել է, որ Վարդան Մինասյանը, 2015-2016թթ-ին զբաղեցնելով ՀՀ ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության պետի պաշտոնը, իր ղեկավարած վարչության ենթակա ստորաբաժանման պետի և մյուս աշխատակիցների օժանդակությամբ կազմակերպել է առանձնապես խոշոր չափերով գումարների յուրացումը, ինչպես նաև օրինականացրել հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով` 875.203.992 ՀՀ դրամը (մանրամասները՝ այստեղ)։ 

02.12.2021թ.-ին Վարդան Մինասյանը ձերբակալվել է ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի քննիչի կողմից: Նույն օրը նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված` առանձնապես խոշոր չափերով գումարների յուրացման կազմակերպման և ՀՀ քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված առանձնապես խոշոր չափերով գույքն օրինականացնելու համար: 03.12.2021թ.-ին քննիչի կողմից միջնորդություն է ներկայացվել Երևանի ընդհանուր իրավասության դատարան` Վ. Մինասյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու համար:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել