Յուրաքանչյուր ապաստան հայցող, բացառությամբ սույն օրենքի 13-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված անհատական ապաստանի դիմում ներկայացնելուց հրաժարված ընտանիքի անդամների, պետք է մասնակցի լիազոր մարմնի անցկացրած հարցազրույցին: Լիազոր մարմինը կարող է ապաստանի տրամադրման կամ փախստականի ճանաչման մասին որոշում կայացնել առանց հարցազրույցի, եթե տվյալ գործում առկա են բավարար տեղեկություններ այդպիսի որոշում կայացնելու համար: Ապաստան հայցողները ապաստանի դիմումի գրանցման օրվանից հետո` երեք օրվա ընթացքում, գրավոր ծանուցագրով տեղեկացվում են հարցազրույցի մասին: Ծանուցագիրը ներառում է հարցազրույցի վայրի, ամսաթվի, ժամի և հարցազրույցի մասին այլ տեղեկություններ: Ծանուցագրի ստացումը ապաստան հայցողը հաստատում է իր ստորագրությամբ:
Ծանուցագրի և ստացականի պատճենները պահվում են ապաստան հայցողի անհատական գործում:Ապաստան հայցողի հետ հարցազրույցն անցկացնում են լիազոր մարմնի համապատասխան ստորաբաժանման աշխատակիցը(ները), որ որոնք կազմում է են հարցազրույցի ամբողջական գրավոր արձանագրությունը, որը ստորագրում է ապաստան հայցողը: Արձանագրությունը կազմում է ապաստան հայցողի անհատական գործի անբաժանելի մասը: Եթե ապաստան հայցողը հրաժարվում է կամ ի վիճակի չէ ստորագրել արձանագրությունը, ապա չստորագրման պատճառները պետք է գրավոր արձանագրվեն և կցվեն հարցազրույցի հիմնական արձանագրությանը: Ապաստան հայցողի հետ հարցազրույցի գաղտնիությունը երաշխավորվում է օրենքով: ՄԱԿ ՓԳՀ-ի ներկայացուցիչը կարող է մասնակցել հարցազրույցին: