Ավտոմեքենայի չզիջելու կապակցությամբ 25-ամյա վարորդը կրակել է 38-ամյա տղամարդու ուղղությամբ. ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում ավարտվել է  38-ամյա բնակչի նկատմամբ սպանության փորձ կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:

Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ 2021թ. հուլիսի 19-ին՝ ժամը 00:05-ի սահմաններում, ավտոմեքենայի չզիջելու կապակցությամբ վիճաբանություն է տեղի ունեցել Արմավիր-Երևան ավտոճանապարհով երթևեկող 25-ամյա և 38-ամյա քաղաքացիների միջև: Վեճի ընթացքում 25-ամյա երիտասարդը, սեփական անձը վեր դասելու մոլուցքով տարված, սպանելու դիտավորությամբ, իր մոտ ապօրինի պահվող հրազենով ավտոմեքենայի բաց պատուհանից մեկ կրակոց է արձակել 38-ամյա տղամարդու ուղղությամբ՝ պատճառելով մարմնական վնասվածքներ, սակայն իր կամքից անկախ հանգամանքներով չի կարողացել հանցագործությունն ավարտին հասցնել, քանի որ վերջինս տեղափոխվել է բժշկական կենտրոն և ստացել համապատասխան բուժօգնություն:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 25-ամյա երիտասարդին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 10-րդ կետով և 235-րդ հոդվածի 1-ին մասով:

Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել