Գործի քննության նախապատրաստման ընթացքում հայցվորի միջնորդությամբ վարչական դատարանը փոխարինում է պատասխանողին:
Եթե գործի քննության նախապատրաստման ընթացքում վարչական դատարանը հանգում է այն համոզման, որ հայցը ներկայացվել է ոչ այն պատասխանողի դեմ, որը պետք է պատասխանի ըստ հայցի, դատարանը կարող է հայցվորի համաձայնությամբ ոչ պատշաճ պատասխանողին փոխարինել պատշաճ պատասխանողով: Եթե հայցվորը համաձայն չէ պատասխանողին այլ անձով փոխարինելուն, ապա դատարանը կարող է այդ անձին հայցվորի համաձայնությամբ ներգրավել որպես երկրորդ պատասխանող:
Ոչ պատշաճ պատասխանողին փոխարինելուց կամ գործում երկրորդ պատասխանողի ներգրավելուց հետո գործի վարույթը սկսվում է սկզբից:
Պատասխանողին փոխարինելու կամ պատշաճ պատասխանողին որպես երկրորդ պատասխանող ներգրավելու մասին դատարանը կայացնում է որոշում:
Ի դեպ, չնայած ՀՀ Վարչական դատավարության օրենսգրքի համապատասխան հոդվածը վերնագրված է « Ոչ պատշաճ կողմի փոխարինումը պատշաճ կողմով»՝ օրենսգիրքը վարչական դատավարությունում ոչ պատշաճ հայցվորին փոխարինելու կարգ չի նախատեսում: