Փաստաբան Էրիկ Ալեքսանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում 2022թ. փետրվարի 16-ին հարուցվել է թիվ 13185522 քրեական գործը, որի շրջանակներում մեր պաշտպանյալն ունի մեղադրյալի դատավարական կարգավիճակ և նրա նկատմամբ ընտրվել է կալանավորումը որպես խափանման միջոց: Վերջինս հանդիսանում է «Քլաբ93» ՍՊ ընկերությանը պատկանող «Ինֆինիտի» ակումբի տնօրենը:
2022թ. փետրվարի 17-ին ոստիկանության Երևան քաղաքի վարչության Կենտրոնականի բաժնի հետաքննության բաժանմունքի տեսուչ Ա. Տիգրանյանի կողմից կատարվել է դեպքի վայրի զննություն, որի արդյունքում կազմվել է համապատասխան արձանագրություն, իսկ «Քլաբ93» ՍՊ ընկերությանը պատկանող «Ինֆինիտի» ակումբը կապարակնքվել է:
2022թ. փետրվարի 23-ին ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների երկրորդ բաժնի քննիչ Ս. Մինասյանի որոշման հիման վրա վերջինս կատարել է շինության խուզարկություն, որի արդյունքում կազմվել է խուզարկություն /առգրավում/ կատարելու մասին արձանագրություն, որից հետո «Քլաբ93» ՍՊ ընկերությանը պատկանող «Ինֆինիտի» ակումբը կրկին կապարակնքվել է:
2022թ. փետրվարի 26-ին դատարանի որոշման /ի դեպ Դատարանը թույլատրել է խուզարկել ք. Երևան Արգիշտի 7/1 և 7/7 հասցեները, այլ ոչ թե՝ «Ինֆինիտի» ակումբի ք. Երևան, Արգիշտի 3/6 իրական հասցեն/ հիման վրա, ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների երկրորդ բաժնի քննիչ Ս. Մինասյանը կատարել է տնօրենի աշխատասենյակի և հանգստի սենյակի խուզարկություն, որի արդյունքում կազմվել է խուզարկություն /առգրավում/ կատարելու մասին արձանագրություն, որից հետո «Քլաբ93» ՍՊ ընկերությանը պատկանող «Ինֆինիտի» ակումբը կրկին կապարակնքվել է:
Փաստացի ստացվում է, որ դեռևս 2021թ. փետրվարի 17-ից առ այսօր հիշյալ ակումբի բնականոն գործունեությունը առանց որևէ իրավական հիմքի դադարեցված է, քանի որ անհրաժեշտ բոլոր քննչական գործողությունները կատարելուց հետո վարույթն իրականացնող մարմինը ապօրինի կերպով շարունակում է ակումբը կապարակնքված պահել: Նշված ապօրինի գործողություններով կոպտորեն խախտվում են «Քլաբ93» ՍՊ ընկերության իրավունքները, ինչի հետևանքով ընկերությունը հայտնվել է ֆինանսապես բարդ դրության առաջ:
Ընկերության սեփականության իրավունքն անհարկի ոտնահարելու կապակցությամբ համապատասխան միջնորդություններ և բողոքներ ենք ներկայացրել ՀՀ քննչական կոմիտեի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնին, ՀՀ Երևան քաղաքի դատախազին, ՀՀ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազին, որոնք որևէ կերպ մինչ օրս չեն արձագանքել, ինչպես նաև դիմել ենք ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին:
Ակնհայտ է, որ քրեական հետապնդման մարմիններն ակնհայտորեն չարաշահում են իրենց լիազորությունները, որը քրեորեն պատժելի արարք է, ուստի կոչ ենք անում ՀՀ դատախազությանն անհապաղ վերացնել «Քլաբ93» ՍՊ ընկերության իրավունքների խախտումը, հակառակ դեպքում ստիպված կլինենք պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքի առթիվ հանցագործության մասին հաղորդում ներկայացնել իրավապահ մարմիններին:
Գոռ Աբրահամյան, խնդրում ենք ծանոթանալ սույն դեպքին և արձագանքել»,- գրել է նա։