Ամեն ինչ արվում է Արցախում գազամատակարարումը վերականգնելու ուղղությամբ. Դավիթ Բաբայան

Ադրբեջանը չի փոխել իր մոտեցումները, չի վերանայել իր ծրագրերը և պարբերաբար դիմում և դիմելու է տարբեր սադրանքների:

«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին նշեց Արցախի հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը՝ անդրադառնալով Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանի Խրամորթ գյուղի հատվածում հակառակորդի սանդրանքներին, ինչպես նաև այն հանգամանքին, որ Ադրբեջանը խոչընդոտում է ադրբեջանական դիրքի մոտ վնասված մայրուղային գազատարի վերանորոգման աշխատանքներ սկսելուն:

«Որևէ արտառոց բան տեղի չի ունենում: Ադրբեջանը մնացել է նույնը, նպատակները` ևս: Մենք պետք է պատրաստ լինենք այդ ամենին և ասեմ ձեզ՝ պատրաստ ենք»,-վստահեցրեց Բաբայանը:

Խոսելով Արցախի ամբողջ տարածքում մարտի 8-ից գազամատակարարման բացակայության և ադրբեջանական դիրքի մոտ վնասված մայրուղային գազատարի վերանորոգման աշխատանքների մասին՝ Արցախի արտգործնախարարն ասաց, որ ամեն ինչ արվում է՝ գազամատակարարումը վերականգնելու ուղղությամբ:

«Արցախը դեռևս շարունակում է մնալ առանց գազամատակարարման»,-հավելեց նա:

Հիշեցնենք, որ «Արցախգազ» ընկերությունը հայտնել էր, որ մարտի 8-ի ժամը ՝ 01:00-ին տեղի է ունեցած վթարի հետևանքով վնասվել է մայրուղային գազատարը։ Ավելի ուշ Արցախի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը հաղորդագրություն էր տարածել՝ նշելով, որ Ադրբեջանը խոչընդոտում է ադրբեջանական դիրքի մոտ վնասված մայրուղային գազատարի վերանորոգման աշխատանքներ սկսելուն: «Այս գիշեր վնասվել է ՀՀ-ից Արցախ եկող գազատարը: Դեպքը տեղի է ունեցել ադրբեջանական դիրքի մոտ: Այս պահին ադրբեջանական կողմը խոչընդոտում է վերանորոգման աշխատանքներ սկսելուն։ Ռուսական խաղաղապահ առաքելության միջնորդությամբ բանակցություններ են ընթանում վաղը աշխատանքները սկսելու համար: Հետագա ընթացքի մասին պարբերաբար կտեղեկացնենք»,- նշված էր հաղորդագրության մեջ:

Պաշտպանության բանակն էլ հայտնել է, որ մարտի 8-ին ժամը 23։00-ի սահմաններում Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանի Խրամորթ գյուղի հատվածում հակառակորդը հերթական անգամ խախտել է հրադադարը` 60 մմ տրամաչափի ականանետից 3 հատ ական արձակելով գյուղի ուղղությամբ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել