Ինչ-որ դուք եք անում, շատ անշնորք վերաբերմունք է խորհրդարանի նկատմամբ․ պատգամավոր

Սա արդեն 2-3 ամսվա ընթացքում 2-րդ դեպքն է, երբ Կառավարությունը նիստ է հրավիրում, հարցեր է բերում օրակարգ ու ասում՝ դրանք կարևոր են և հրատապ են։ Այս մասին ԱԺ արտահերթ նիստի ընթացքում հայտարարեց պատգամավոր Արթուր Խաչատրյանը․ «Բայց քանի որ կարևոր են, առաջարկում են կարճ, հատուկ ընթացակարգում քննարկել, որովհետև կարևոր են։ Իմաստ չունի երկար քննարկել և հրատապ են, դրա համար էլ ուշ ենք բերել»։

Պատգամավորը դիմելով Կառավարության ներկայացուցչին և խորհրդարանական մեծամասոնթյանը՝ հայտարարեց, որ նման դեպքերում հարցը պետք է շուտ բերել քննարկման, ոչ թե ասում են՝ «եթե հիմա չբերենք, վաղը ուշ կլինի»։ Նա դիմելով Առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանին կրկին հարցրեց՝ ինչու հարց ավելի շուտ չի բերվել, եթե այն հրատապ է։

«Եթե հարցը կարևոր է, ինչու երկար ժամանակ չի տրամադրվում, որ օրենքը քննարկվի։ Սա խորհրդարանական հանրապետություն է։ Կառավարությունը ձևավորել է խորհրդարանը։ Հետևաբար, դուք պետք է հարգանք ցուցաբերեք խորհրդարանի նկատմամբ։ Ինչ-որ դուք եք անում, ներողություն եմ խնդրում, շատ անշնորք վերաբերմունք  է խորհրդարանի նկատմամբ»,-նշեց նա։

Խաչատրյանը խնդրեց հարցին լուրջ վերաբերվել և կատարել պարտավորությունները։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել