Ադրբեջանը միտումնավոր գնում է իրավիճակի սրման՝ կրակելով Խրամորթ գյուղի գերեզմանատան ուղղությամբ և սպանելով հայ զինծառայողին Հայաստանի հետ սահմանին: Այս մասին իր Տելեգրամյան ալիքում գրել է Արցախի Հանրապետության պետնախարար Արտակ Բեգլարյանը։
Ըստ նրա, այդ սադրանքն առաջին հերթին ուղղված է մեր հասարակությանը ահաբեկելուն, մյուս կողմից, ակնհայտ են ռուս խաղաղապահներին սևացնելու փորձերը։
Պետնախարարը գրել է, որ այդ մասին է վկայում նաև վերջին շրջանում ադրբեջանական ԶԼՄ-ներում ռուսաֆոբիայի աննախադեպ միտումները։
«Արդեն ավանդական դարձած հայատյաց քաղաքականությանն ավելացել է պետական մակարդակով կազմակերպվող ռուսոֆոբ քաղաքականությունը՝ ուղղված իրենց ռազմական դաշնակցի դեմ։
Սա ևս մեկ անգամ մատնանշում է Ադրբեջանի իշխանությունների ձեռագիրը՝ հասնել իրենց աշխարհաքաղաքական նպատակներին այլ ազգերի նկատմամբ ատելություն սերմանելով և շեղել հասարակության ուշադրությունը ներքին խնդիրներից։
Մի օր Ադրբեջանը կխեղդվի սեփական ատելության մեջ»,- գրել է Արտակ Բեգլարյանը։