Ձեր ջանքերով է նաև, որ պիտի հաղթահարվեն առկա նեղությունները. Մայր Աթոռ

Մայր Աթոռից շնորհավորական ուղերձ են հղել տիկնանց և օրիորդաց, որում ասվում է․

«Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Կանանց տոնի առիթով շնորհավորում և Հայրապետական Մեր օրհնությունն ենք բերում տիկնանց և օրիորդաց։

Այսօր վերստին առիթն ունենք անդրադառնալու կանանց ներդրումին ու բարի ավանդին ընտանիքներում, մեր ազգային, եկեղեցական և պետական ու հասարակական կյանքում, գնահատելու նրանց ձեռքբերումները կրթության, գիտության, առողջապահության և բազում այլ կարևոր բնագավառներում։ Մեր երկիրն այսօր դժվարություններ է կրում, դեռ հաղթահարված չեն պատերազմի ծանր հետևանքները և շատ հոգսեր ծանրացած են կանանց ուսերին, ովքեր համբերությամբ, նախանձախնդրությամբ և արիությամբ հանձնառու են իրենց առաքելությանը։

Սիրելի մայրեր, քույրեր և դուստրեր, աղոթք ենք բարձրացնում ամենքիդ համար՝ հայցելով, որ Տերը Իր օրհնության ու շնորհների ներքո քաջառողջ պահպանի ձեզ և հավատով ու սիրով լեցուն, որպեսզի նույն նվիրումով ծառայեք ձեր ընտանիքների ապահովությանն ու երջանկությանը և մեր հայրենիքի ու ժողովրդի առաջընթացին։ Ձեր ջանքերով է նաև, որ պիտի հաղթահարվեն առկա նեղությունները և զորանա հույսը ապագայի հանդեպ, հասակ առնի ջերմ հավատքով, ազգասեր ու հայրենասեր ոգով սերունդ՝ անխախտ պահելու մեր ժողովրդի վերելքի ուղին։ Թող Բարձրյալի շնորհով ձեր կյանքի և համայն մեր ժողովրդի ուղեկիցները լինեն խաղաղությունն ու բարօրությունը։ Ապրե՛ք առ Աստված ապավինությամբ և աղոթքը՝ մշտահունչ ձեր շուրթերին. «Յիշի՛ր մեզ, Տէ՛ր, ի հաճութիւն քո ժողովրդի, եւ այցելի՛ր մեզ քո շնորհելիք փրկութեամբ» (Սղմ․ 105․ 4)։

Թող մեր Տեր Հիսուս Քրիստոսի սերն ու ողորմությունը, շնորհներն ու օրհնությունը լինեն մեզ հետ և բոլորի, այսօր և միշտ․ ամեն»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել