Այսօր Հայաստանի Ազգային հերոս, նախկին վարչապետն ու պաշտպանության առաջին նախարար Վազգեն Սարգսյանի ծննդյան օրն է: Այսօր նա կդառնար 63 տարեկան:
Վազգեն Սարգսյանի կարծիքով` ոչ մի տնտեսական ծրագիր, ոչ մի կառավարություն, ոչ մի դրսի օգնություն չի կարող ոտքի կանգնեցնել երկիրը, եթե մեզանից յուրաքանչյուրը տիրոջ և ծառայի պատասխանատվություն չզգա նրա նկատմամբ։
«Հեղափոխություն է պետք մեր հոգիներում, մեր գաղափարներում, այլապես ծրագրերն ու կառավարությունները կհաջորդեն մեկ մեկու, իսկ սայլը տեղից էլ չի շարժվի։
Յուրաքանչյուր երկրում գոնե 20-30 բարձր պաշտոնյա պետք է լինի, որ պետական շահը վեր դասի անձնականից, վառվի աշխատանքի մեջ, իր ետեւից տանի մյուսներին։
Ոչ մի ծրագիր, որքան էլ այն փայլուն լինի, չի կարող իրականություն դառնալ, եթե չկա հավատք, նպատակին հասնելու համախմբվածություն, եթե մեզանից յուրաքանչյուրը չի մտածում, որ այս երկրի ճակատագիրը կախված է մի մարդուց, և այդ մարդն ինքն է։ Եթե համոզված չէ, որ մենք, միայն մենք ենք կառուցելու մեր տունը։ Եվ վերջապես, ավելի լավ է մեկ մոմ վառել, քան հավերժ բողոքել խավարից։
Օգնենք, որպեսզի յուրաքանչյուրս վառի իր մոմը, և համոզված եմ, մոտ ապագայում Հայաստանը կհայտնվի լույսի մեջ»,- Ազգային ժողովում իր ելույթի ժամանակ ասել է Վազգեն Սարսգյանը։
Վազգեն Սարգսյանը ծնվել է 1959թ. մարտի 5-ին, Հայաստանի Արարատի շրջանի Արարատ գյուղում։ Իր գյուղի միջնակարգ դպրոցը ավարտելուց հետո՝ 1976-1979 թվականներին սովորել է Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտում:
1979-83թթ. Վազգեն Սարգսյանը դասավանդել է հայրենի Արարատ գյուղի միջնակարգ դպրոցում։
1983-87թթ. գլխավորել է Արարատի ցեմենտ-շիֆերի կոմբինատի կոմերիտական կազմակերպությունը։
Վազգեն Սարգսյանն ակտիվ հասարակական կյանք մուտք է գործել որպես գրող-լրագրող։
1985թ. դարձել է Հայաստանի Գրողների միության անդամ։
1987-90թթ. աշխատակցել է «Գարուն» ամսագրին, որպես հրապարակախոսության բաժնի վարիչ։
1987թ. «Հացի փորձություն» գրքի համար նա արժանացել է Հայաստանի Կոմերիտմիության մրցանակին։
Արցախյան ազատամարտն էականորեն պայմանավորեց Վազգեն Սարգսյանի հետագա ճակատագիրը։
Շարժման առաջին իսկ օրերից նա ազատամարտիկների շարքերում էր` իբրև արցախյան ազատագրական պայքարի առաջին կազմակերպիչներից մեկը։
1990-91թթ. իր հրամանատարության ներքո միավորել է Երկրապահ կամավորական ջոկատները, եղել է ՀԽՍՀ Գերագույն խորհրդի պատգամավոր, պաշտպանության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ։
Նա խոշոր ավանդ է ներդրել հայրենի հողն ու սահմանները թշնամու ոտնձգություններից զերծ պահելու, մարտի դաշտում մեր ժողովրդի քաջարի զավակների հաղթանակը կռելու գործում։
Վազգեն Սարգսյանը մեծ ջանքեր է ներդրել Հայաստանի պետական շինարարության մեջ։
Անուրանալի է Վազգեն Սարգսյանի դերը ազգային բանակի ստեղծման գործում։
Նրա էության և խառնվածքի գլխավոր գծերից մեկը շիտակությունն էր` մի հատկանիշ, որ լավագույնս դրսեւորվեց բանակաշինության ընթացքում։
Վազգեն Սարգսյանի ղեկավարությամբ անհավատալիորեն ներդաշնակ ընթացավ կադրային սպաների եւ երկրապահաների մերձեցումը։ Իր մեջ ի սկզբանե ընդգծված պետական մտածողությունը նա փոխանցում էր հասարակության տարբեր խավերից ելած իր զինակիցներին։
1991թ. Վազգեն Սարգսյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարար։
1992-93թթ. եղել է ՀՀ նախագահի պաշտպանության հարցերով խորհրդական, հանրապետության սահմանամերձ շրջաններում նախագահի ներկայացուցիչ։
1993-95թթ. նա զբաղեցրել է ուժային կառույցների համակարգման հարցերով ՀՀ պետական նախարարի պաշտոնը։
1995-98թթ. վերստին գլխավորել է ՀՀ պաշտպանության նախարարությունը։
1993թ.- ին հիմնադրել է «Երկրապահ Կամավորականների միությունը»` ընտրվելով ԵԿՄ նախագահ։
1995-1999թթ. կրկին նշանակվել է ՀՀ պաշտպանության նախարար։ 1998թ. արժանացել է Արցախի հերոսի կոչման և «Ոսկե արծիվ» շքանշանի։
1999թ.-ից մտել է քաղաքական դաշտ, դառնալով «Հանրապետական» կուսակցության առաջնորդ, ապա «Միասնություն» դաշինքի համանախագահ։ Խորհրդարանական ընտրություններում «Միասնություն» դաշինքի տարած համոզիչ հաղթանակի արդյունքում` 1999թ. հունիսից դարձել է Հայաստանի Հանրապետության վարչապետ։ Այդ կարճ ժամանակամիջոցում նա դրսևորեց պետական տաղանդավոր գործիչի նոր բարձր որակներ։
1999թ. հոկտեմբերի 27-ին Հայաստանի Հանրապետության վարչապետ Վազգեն Սարգսյանը զոհվեց Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նիստերի դահլիճում, ոճրագործի դավադիր գնդակից, ողբերգական մահով։ 1999թ. դեկտեմբերին հետմահու արժանացել է Հայաստանի «Ազգային հերոսի» կոչման և «Հայրենիք» շքանշանի։