Երևանում համատիրությունների կառավարման ոլորտում կիրականացվեն բարեփոխումներ: Մասնավորապես, նախատեսվում է ներդնել էլեկտրոնային կառավարման նոր համակարգ:
Այս մասին այսօր՝ փետրվարի 4-ին, «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ասաց Երևանի քաղաքապետարանի Կոմունալ տնտեսության վարչության պետ Արսեն Կարոյանը՝ նշելով, որ կան որոշ համատիրություններ, որոնք իրենց համար նման համակարգ են ստեղծել, սակայն այժմ նախատեսվում է էլեկտրոնային կառավարման համակարգը մտցնել ամբողջ քաղաքի համատիրությունների համար: Երևանում ներկայում առկա է շուրջ 5 հազար բազմաբնակարան շենք, որոնց կառավարումն իրականացվում է 260 համատիրության միջոցով:
«Համակարգն իրենց ներկայացնելու է մի թափանցիկ հարթակ, որտեղ արտացոլվելու է համատիրության աշխատանքի հետ կապված ամբողջ ինֆորմացիան: Երևանի բնակիչներն այդ հարթակի միջոցով կարողանալու են տեսնել իրենց համատիրության շրջանակում ծախսագրված գումարները, արդյոք իրենց վճարված գումարները մուտքագրվել են, թե ոչ: Նաև տվյալ հարթակում հնարավորություն է լինելու կազմակերպել տարբեր տեսակի քննարկումներ, կարող են ներկայացնել առաջարկություններ և այլն»,-ասաց Արսեն Կարոյանը:
Քաղաքապետարանի ներկայացուցիչը նշեց, որ կան օրինակելի համատիրություններ, որոնք պատշաճ աշխատում են, իսկ բնակիչներն էլ ժամանակին վճարումները կատարում են: Կան նաև դեպքեր, երբ քաղաքացիների շրջանում կա անվստահություն համատիրությունների աշխատանքի նկատմամբ, հաճախ հարցադրումներ են լինում այն մասին, թե ուր են գնում այդ գումարները, ինչի վրա են ծախսվում: Արսեն Կարոյանը հույս հայտնեց, որ այս նոր համակարգի գործարկմամբ այդ բոլոր հարցերի պատասխանները կգտնվեն մեկ տեղում: Էլեկտրոնային թափանցիկ համակարգի գործարկմամբ համատիրությունները կարող են առավել զգոն լինել: Նա տեղեկացրեց, որ առանձին յուրաքանչյուր համատիրություն ունենալու է իր հարթակը: Ծրագիրը մշակման փուլում է, շուտով հայտարարվելու է մրցույթ:
Կառավարության որոշմամբ յուրաքանչյուր բազմաբնակարան շենք ունի իր առանձին հաշվեհամարը, որտեղ էլ կուտակվում են բնակիչների վճարված գումարները: Թեև համատիրության կազմում կարող են լինել բազմաթիվ շենքեր, միևնույն է յուրաքանչյուր շենքի վճարված գումարները հավաքագրվելու են իրենց անհատական հաշիվներում և ծախսվելու են հենց իրենց շենքերի վրա: Այս որոշմամբ վերացվում են այն տարաձայնություններն ու մտավախությունները, որ մեկ շենքի վճարած գումարները կարող են ծախսվել նույն համատիրության մեջ գտնվող այլ շենքերի վրա: