Դպրոցներում կլինեն ոչ միայն տնօրեններ, այլև՝ համակարգողներ․ հաստատված են նրանց իրավասությունները․ օրենքն ուժի մեջ է մտել

«Հանրակրթության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ են կատարվել։ Այս շրջանակում փոփոխություններից մեկը վերաբերում է պետական ուսումնական հաստատության տնօրենի իրավասություններին։ Բացի այց, նշվում է, որ այսուհետ դպրոցները տնօրենից բացի ունենալու են նաև համակրգողներ։ Սահմանվել են նաև նրանց իրավասությունները։

Օրենքն ուժի մեջ է մտել մարտի 3-ին։

Իրավաբան.net-ը հայտնում է, որ փոփոխություններ են կատարվել «Հանրակրթության մասին» օրենքի 12-րդ հովածում, որով սահմանվել են պետական ուսումնական հաստատության տնօրենի, համակարգողի և նրանց իրավասությունները, նրանց նշանակման արգելնքները և այլն։

Ներքոնշյալ հոդվածի 3-րդ մասով սահմանված ղեկավարման իրավունքի (հավաստագրի) համար կրթության ոլորտի բարձրագույն կրթություն ունենալու պահանջն ուժի մեջ է մտնում 2026 թվականի հունվարի 1-ից:

Այսպիսով․

1. Պետական ուսումնական հաստատության տնօրենը և համակարգողը նշանակվում են Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատած կարգով:

2. Տնօրենի թափուր պաշտոնում կարող է նշանակվել կրթության պետական կառավարման լիազորված մարմնի սահմանած կարգով ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք (հավաստագիր) ստացած անձը:

3. Պետական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի (հավաստագրի) համար կարող է դիմել Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող այն անձը, որն ունի կրթության ոլորտի բարձրագույն կրթություն և վերջին 10 տարվա ընթացքում մանկավարժական, գիտամանկավարժական աշխատանքի և կրթության կառավարման ոլորտի առնվազն յոթ տարվա ընդհանուր աշխատանքային ստաժ:

4. Հավաստագրումն անցկացվում է հետևյալ փուլերով.

1) փաստաթղթերի համապատասխանության ճանաչում` համաձայն կրթության պետական կառավարման լիազորված մարմնի սահմանած փաստաթղթերի ցանկի.

2) մասնակցություն վերապատրաստումներին` դիմողի նախաձեռնությամբ.

3) քննություն` թեստավորման միջոցով.

4) պետական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի հավաստագրում` հինգ տարի ժամկետով:

5. Քննությունների և հավաստագրման ընթացակարգերը, պետական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի (հավաստագրի) դադարեցման դեպքերն ու ընթացակարգը, ինչպես նաև հավաստագրման լիազոր մարմնի կազմավորման և գործունեության կարգը սահմանում է կրթության պետական կառավարման լիազորված մարմինը:

6. Սահմանված կարգով քննություն հանձնած անձը ճանաչվում է պետական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի հավաստագիր ստացած:

7. Քննության արդյունքները կարող են բողոքարկվել դատական կարգով կամ կրթության պետական կառավարման լիազորված մարմին` համաձայն կրթության պետական կառավարման լիազորված մարմնի սահմանած կարգի:

8. Ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի հավաստագիր ստացած անձը կարող է հավաստագիրն ստանալու օրվանից հետո` հինգ տարվա ընթացքում, մասնակցել տնօրենի պաշտոնի թափուր տեղի համար անցկացվող մրցույթին:

9. Տնօրենի պաշտոնի թափուր տեղի մրցույթը հայտարարում է համապատասխան լիազոր մարմինը: Մրցույթի անցկացման նպատակով կրթության պետական կառավարման լիազոր մարմինը ձևավորում է մասնագիտական հանձնաժողով, որի դրական եզրակացությունը հիմք է տնօրենի նշանակման համար:

10. Տնօրենի պաշտոնի թափուր տեղի համար տնօրենի թեկնածուն լիազոր մարմին է ներկայացնում`

1) սահմանված ցանկին համապատասխան փաստաթղթերը.

2) ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի հավաստագիրը.

3) ուսումնական հաստատության հինգ տարվա զարգացման իր ծրագիրը:

11. Սահմանված կարգով աշխատանքային պայմանագիր կնքած պետական ուսումնական հաստատության տնօրենը պաշտոնավարում է մինչև իր լիազորությունների ավարտը` անկախ ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի` հավաստագրի հնգամյա ժամկետը լրանալուց:

12. Պաշտոնավարման ընթացքում պետական ուսումնական հաստատության տնօրենը դպրոցի զարգացման ծրագրի կատարման արդյունքների հիման վրա հինգ տարին մեկ անգամ անցնում է ատեստավորում` կրթության պետական կառավարման լիազորված մարմնի սահմանած կարգով:

13. Ատեստավորման արդյունքներով պաշտոնին համապատասխանելու մասին եզրակացության դեպքում տնօրենի հետ կնքված աշխատանքային պայմանագրի ժամկետը երկարաձգվում է հինգ տարի ժամկետով, որից հետո` մեկ ամսվա ընթացքում, տնօրենը խորհուրդ է ներկայացնում ուսումնական հաստատության հաջորդ հինգ տարվա զարգացման իր ծրագիրը և դրա իրականացումն ապահովող տարեկան գործողությունների ժամանակացույցը:

14. Ատեստավորման արդյունքներով պաշտոնին չհամապատասխանելու մասին եզրակացությունը հիմք է տնօրենի պաշտոնավարության և հավաստագրի գործողության դադարեցման համար:

15. Ատեստավորման արդյունքներով պաշտոնին չհամապատասխանելու մասին եզրակացության դեպքում տվյալ անձը ուսումնական հաստատության տնօրեն կարող է նշանակվել միայն սույն հոդվածի 6-րդ մասի համաձայն ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի (հավաստագրի) համար սահմանված կարգով քննություն հանձնելու և հավաստագիր ստանալու դեպքում:

16. Տնօրենը`

1) խորհուրդ է ներկայացնում ուսումնական հաստատության զարգացման ծրագիրը և դրա իրականացումն ապահովող տարեկան գործողությունների ժամանակացույցը.

2) ուսումնական պլանի հիման վրա կրթության կառավարման տեղեկատվական համակարգում իրականացնում է դասաբաշխում, որի հիման վրա ձևավորվում է տարիֆիկացիան և հաստատվում նրա կողմից.

3) կրթության կառավարման տեղեկատվական համակարգում ձևավորում և հաստատում է ուսումնական գործընթացի կազմակերպման համար անհրաժեշտ հաստիքների անվանացանկը.

4) ուսումնական գործընթացի արդյունավետ կազմակերպման համար անհրաժեշտ կարիքները տրամադրում է համակարգողին` պահանջվող ծախսերը գնահատելու, նախահաշիվ կազմելու և լիազոր մարմին ներկայացնելու համար.

5) հսկողություն է իրականացնում ուսումնադաստիարակչական աշխատանքի ընթացքի, սովորողների ուսումնական ծանրաբեռնվածության, առաջադիմության և հաստատության ներքին կարգապահական, այդ թվում` աշխատողների և սովորողների վարքագծի կանոնների նկատմամբ.

6) խորհրդի հավանությանն է ներկայացնում դպրոցական մակարդակում մանկավարժահոգեբանական աջակցության ծառայությունների, այդ թվում` կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող սովորողների կազմը.

7) մանկավարժական խորհրդի ներկայացմամբ հաստատում է դպրոցի ուսումնական պլանը, ուսումնադաստիարակչական աշխատանքների տարեկան պլանը և տնօրենի տեղակալների, դասղեկների, առարկայական մեթոդական միավորումների նախագահների ու մանկավարժների հաշվետվությունները.

8) մասնակցում է խորհրդի նիստերին` խորհրդակցական ձայնի իրավունքով.

9) աջակցում է դպրոցի խորհրդակցական մարմինների աշխատանքներին.

10) նախարարության հաստատած ուսուցչի թափուր տեղի համար մրցույթի օրինակելի կարգի հիման վրա մշակում և խորհրդի հաստատմանն է ներկայացնում դպրոցի ուսուցչի թափուր տեղի համար անցկացվելիք մրցույթի կարգը, դպրոցի կազմակերպական կառուցվածքը, ներքին կարգապահական, այդ թվում` աշխատողների և սովորողների վարքագծի կանոնները.

11) համաձայն պաշտոնների անվանացանկի և պաշտոնի նկարագրի` անցկացնում է ուսուցչի թափուր տեղի համար մրցույթը, մանկավարժական կադրերի, դպրոցի օպերատորի և գործավարի (օգնականի), իր տեղակալների, մասնաճյուղի, կառուցվածքային ստորաբաժանումների (մեթոդական միավորումների) ղեկավարների ընտրությունը, կնքում և լուծում է աշխատանքային պայմանագրերը, բաշխում աշխատանքը.

12) ղեկավարում է մանկավարժական խորհրդի և առարկայական մեթոդական միավորումների աշխատանքները.

13) կազմում է ուսումնական պարապմունքների դասացուցակը և ուսումնադաստիարակչական աշխատանքների վիճակի մասին հաշվետվությունները.

14) խրախուսում և խթանում է աշխատողների ստեղծագործական նախաձեռնությունը.

15) աջակցում է ուսուցիչների մասնակցությանը հերթական և կամավոր ատեստավորումներին.

16) խրախուսում է մասնակցային կառավարումն ուսումնական հաստատության մարմիններում.

17) իրականացնում է վերահսկողություն դասավանդման բովանդակության, սովորողների գիտելիքների յուրացման որակի, առաջադիմության, նրանց վարքի, արտադասարանական և արտադպրոցական աշխատանքների կազմակերպման, դպրոցի աշխատողների աշխատանքային պարտականությունների կատարման նկատմամբ.

18) ապահովում է արտադասարանական խմբակների և ուսումնական լաբորատորիաների, մասնագիտական կողմնորոշման կենտրոնների բնականոն գործունեությունը.

19) ուսումնական պլանին համապատասխան` ապահովում է կրթական ծրագրերի իրականացումը, կրթական գործընթացի կազմակերպումը և կրում է պատասխանատվություն կրթության որակի և բովանդակության համար.

20) ապահովում է լիազորված մարմնի` Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը չհակասող հանձնարարականների կատարումը.

21) ապահովում է դպրոցում բարենպաստ բարոյահոգեբանական մթնոլորտի ձևավորումը.

22) ապահովում է դպրոցում գործածության ենթակա փաստաթղթերի վարումը և պահպանումը.

23) սահմանված կարգով ձևավորում է դպրոցի սովորողների համակազմը, օրենսդրությամբ սահմանված կարգով քայլեր է ձեռնարկում նրանց սոցիալական պաշտպանվածության ապահովման ուղղությամբ, կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների կրթություն ստանալու իրավունքը, կյանքի դժվարին իրավիճակում հայտնված սովորողի (ընտանիքի) հայտնաբերման դեպքում եռօրյա ժամկետում տեղեկացնում է տարածքը սպասարկող սոցիալական աջակցության տարածքային գործակալությանը (բաժնին).

24) օրենքով իրեն վերապահված գործառույթների շրջանակներում ներկայացնում է դպրոցը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմիններում և այլ կազմակերպություններում, տալիս է լիազորագրեր.

25) օրենքով և դպրոցի կանոնադրությամբ սահմանված իր լիազորությունների սահմաններում արձակում է հրամաններ, հրահանգներ, տալիս կատարման համար պարտադիր ցուցումներ և վերահսկում դրանց կատարումը.

26) իրականացնում է օրենսդրությամբ և ուսումնական հաստատության կանոնադրությամբ իրեն վերապահված այլ լիազորություններ:

17. Պետական ուսումնական հաստատության տնօրենը օրենքով սահմանված կարգով կրում է պատասխանատվություն օրենսդրությամբ սահմանված կարգով վերահսկողություն իրականացնող մարմինների արձանագրած` սույն հոդվածի 16-րդ մասով, օրենսդրությամբ և ուսումնական հաստատության կանոնադրությամբ իրեն վերապահված գործառույթների, օրենքների, հիմնադրի, նախարարության, լիազորված մարմնի և խորհրդի որոշումների և կնքված պայմանագրերի պահանջների չկատարման կամ ոչ պատշաճ կատարման, այդ թվում` մանկավարժական աշխատողների իրավունքների և ազատությունների պաշտպանության, սովորողների և աշխատակիցների կյանքի, առողջության պահպանման համար:

18. Պետական ուսումնական հաստատության համակարգող կարող է լինել Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող այն անձը, որն ունի բարձրագույն կրթություն և վերջին 7 տարվա ընթացքում քաղաքական, ինքնավար, վարչական կամ օրենքով ստեղծված պետական մարմնի անդամի պաշտոններում կամ կազմակերպման, ղեկավարման, վերահսկման, համակարգման գործառույթներ ունեցող այլ պաշտոններում (անկախ պետական կամ մասնավոր ոլորտում կատարած աշխատանքից) առնվազն հինգ տարվա ընդհանուր աշխատանքային ստաժ:

19. Պետական ուսումնական հաստատության համակարգողը`

1) լիազոր մարմին է ներկայացնում դպրոցի ֆինանսատնտեսական գործունեության մասին հաշվետվությունը, հաջորդ տարվա բյուջեի նախագիծը և բյուջետային ֆինանսավորման մասին հայտը` դրանում առանձին տողով ներկայացնելով մանկավարժահոգեբանական աջակցության ծառայությունները, արտաքին և ներքին գնահատման արդյունքների վերաբերյալ տեղեկանքը.

2) հաստատում է կրթության կառավարման տեղեկատվական համակարգում ձևավորված տարիֆիկացիան.

3) կրթության կառավարման տեղեկատվական համակարգում ձևավորում և հաստատում է վարչատնտեսական գործընթացի կազմակերպման համար անհրաժեշտ հաստիքների անվանացանկը.

4) գնահատում է տնօրենի տրամադրած` ուսումնական գործընթացի արդյունավետ կազմակերպման նպատակով անհրաժեշտ կարիքների համար պահանջվող ծախսերը, կազմում է նախահաշիվը և ներկայացնում է լիազոր մարմին.

5) ապահովում է գնումների գործընթացի կազմակերպման և իրականացման աշխատանքները.

6) համաձայն պաշտոնների անվանացանկի և պաշտոնի նկարագրի` անցկացնում է վարչատնտեսական աշխատակիցների թափուր տեղի համար մրցույթը, կնքում և լուծում է աշխատանքային պայմանագրերը.

7) ապահովում է արտադասարանական խմբակների և ուսումնական լաբորատորիաների, մասնագիտական կողմնորոշման կենտրոնների բնականոն գործունեության համար անհրաժեշտ պայմանները.

8) ապահովում է անհրաժեշտ պայմաններ` ուսումնական պլանին համապատասխան կրթական ծրագրերի իրականացման, կրթական գործընթացի կազմակերպման համար.

9) ապահովում է բյուջետային հատկացումների, հիմնադրի և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված այլ աղբյուրներից օրենքով սահմանված կարգով ստացված միջոցների արդյունավետ օգտագործումը, ուսումնանյութական բազայի հաշվառումը, պահպանումը, համալրումը.

10) ապահովում է հաշվապահական հաշվառման իրականացումը և օրենքով սահմանված կարգով ներկայացնում հաշվապահական հաշվետվություններ.

11) ապահովում է դպրոցում գործածության ենթակա վարչատնտեսական փաստաթղթերի վարումը և պահպանումը.

12) օրենքով իրեն վերապահված գործառույթների շրջանակներում ներկայացնում է դպրոցը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմիններում և այլ կազմակերպություններում, բացում է հաշվարկային հաշիվներ, տալիս է լիազորագրեր.

13) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով տնօրինում է դպրոցի գույքը, այդ թվում` ֆինանսական միջոցները.

14) օրենքով և դպրոցի կանոնադրությամբ սահմանված իր լիազորությունների սահմաններում արձակում է հրամաններ, հրահանգներ, տալիս կատարման համար պարտադիր ցուցումներ և վերահսկում դրանց կատարումը.

15) խորհրդակցական ձայնի իրավունքով մասնակցում է խորհրդի նիստերին, ինչպես նաև խորհրդին ներկայացնում ամենամյա հաշվետվություն սույն մասով սահմանված գործառույթների կատարման մասին.

16) աջակցում է ուսումնական հաստատության խորհրդակցական մարմինների աշխատանքներին.

17) ապահովում է լիազորված մարմնի` օրենսդրությանը չհակասող հանձնարարականների կատարումը.

18) իր պաշտոնի նկարագրին համապատասխան` մասնակցում է վերապատրաստումների Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված կարգի և ժամանակացույցի համաձայն.

19) իրականացնում է օրենսդրությամբ և ուսումնական հաստատության կանոնադրությամբ իրեն վերապահված այլ լիազորություններ:

20. Պետական ուսումնական հաստատության համակարգողը օրենքով սահմանված կարգով կրում է պատասխանատվություն օրենսդրությամբ սահմանված կարգով վերահսկողություն իրականացնող մարմինների արձանագրած` սույն հոդվածի 19-րդ մասով, օրենսդրությամբ և ուսումնական հաստատության կանոնադրությամբ իրեն վերապահված գործառույթների, օրենքների, հիմնադրի, նախարարության, լիազորված մարմնի, խորհրդի որոշումների և կնքված պայմանագրերի պահանջների չկատարման կամ ոչ պատշաճ կատարման, այդ թվում` անվտանգության տեխնիկայի ապահովման, վարչատնտեսական աշխատողների իրավունքների և ազատությունների պաշտպանության, ինչպես նաև սովորողների և աշխատակիցների կյանքի, առողջության և ուսումնական հաստատության սանիտարահիգիենիկ վիճակի պահպանման համար անհրաժեշտ պայմանների ապահովման համար:

21. Պետական ուսումնական հաստատության տնօրեն և համակարգող չի կարող առաջադրվել, նշանակվել այն անձը`

1) որը դատական կարգով ճանաչվել է անգործունակ կամ սահմանափակ գործունակ.

2) որը դատական կարգով զրկվել է մանկավարժական կամ վարչական գործունեությամբ զբաղվելու իրավունքից.

3) որը տառապում է այնպիսի հիվանդությամբ, որը կարող է խոչընդոտել մանկավարժական կամ վարչական գործունեության կատարումը: Այդ հիվանդությունների ցանկը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը.

4) որը դատապարտվել է հանցագործության համար, և դատվածությունը սահմանված կարգով հանված կամ մարված չէ, բացառությամբ այն դեպքերի, երբ դատապարտվել է ոչ դիտավորյալ հանցագործություն կատարելու համար.

5) որի նկատմամբ հարուցված քրեական հետապնդումը դադարեցվել է, կամ քրեական հետապնդում չի իրականացվել ոչ արդարացնող հիմքով.

6) որը կուսակցության ու նրա տարածքային ստորաբաժանումների ղեկավար և վերահսկողություն իրականացնող մարմինների անդամ է:

22. Նույն պետական ուսումնական հաստատության տնօրեն և համակարգող չեն կարող առաջադրվել, նշանակվել միմյանց հետ մերձավոր ազգակցությամբ կամ խնամիությամբ (ծնող, ամուսին, զավակ, եղբայր, քույր, ամուսնու ծնող, զավակ, եղբայր, քույր) կապված անձինք:»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել