Փոփոխություններ են կատարվել երեխաների՝ դպրոց ընդունվելու, տեղափոխվելու, դասարանից դասարան փոխադրվելու գործընթացներում. ԿԳՄՍ փոխնախարար

Փոփոխություններ են կատարվել երեխաների՝ դպրոց ընդունվելու, տեղափոխվելու, դասարանից դասարան փոխադրվելու գործընթացներում՝ ելնելով դիտարկված խնդիրներից, նաև նոր չափորոշչի տրամաբանությունից։

Այս մասին հայտնում է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Ժաննա Անդրեասյանը։

«Խոսքը 1640-Ն և 388-Ն կարգերի մասին է։

Ըստ այդմ, սահմանվել է, որ.

Բոլոր այն բնակավայրերում, որտեղ հաստատությունը տվյալ կրթական աստիճանում կրթություն իրականացնող միակ պետական հաստատությունն է կամ տվյալ համայնքում գործող պետական հաստատություններում տվյալ կրթական աստիճանի համար լիցենզիայով տրված բոլոր տեղերը զբաղված են, սովորողի ընդունելությունը հաստատություն իրականացվում է՝ անկախ լիցենզիայով տրված սահմանային տեղերի սահմանափակումից:

Հաստատության տնօրենը, համադրելով կրթական տարբեր աստիճաններում դասարանների համալրվածությունը, հաշվի առնելով նոր ընդունելության կանխատեսվող ծավալը, մինչև տվյալ տարվա մայիսի 20-ը կարող է դիմել կրթության կառավարման պետական լիազոր մարմնին հանրակրթական հիմնական ծրագրերի առաջին աստիճանի լիցենզիայով տրված սահմանային տեղերի վերաբաշխման առաջարկով` առաջին դասարանի ընդունելության տեղերի հատկացման նպատակով: Լիցենզիայով տրված սահմանային տեղերի վերաբաշխման առաջարկը ներկայացնելիս պետք է հաշվի առնել տարվա ընթացքում սովորողների տեղափոխման և ընդունելության համար առնվազն 10 տոկոս տեղերի պահպանումը հանրակրթական հիմնական ծրագրերի աստիճանի մյուս դասարանների համար:

Սովորողի ընդունելությունը հաստատության առաջին դասարան մեկնարկում է յուրաքանչյուր ուսումնական տարվա ուսումնական պլանով նախատեսված ուսումնական պարապմունքների ավարտից երկու շաբաթ հետո՝ առաջին աշխատանքային օրը։ Առաջնահերթության իրավունքը գործում է տասնչորս օրվա ընթացքում։ Օտար լեզվով ուսուցման իրավունք ունեցող սովորողների ընդունելությունը իրականացվում է առանձնացված էջով և ժամկետում։

Երկյակ, եռյակ, քառյակ և ավելի երեխաներից առնվազն մեկի հայտագրումը հաստատություն ապահովում է մյուս երեխայի ընդունելությունը նույն հաստատությունում` անկախ լիցենզիայով տրված սահմանային տեղերի սահմանափակումից:

Կրթության վերաբերյալ փաստաթղթերի համաձայն հաջորդ դասարան փոխադրված և ուսումնական տարվա առաջին կիսամյակում ուսումն ընդհատած սովորողը մինչև ուսումնական տարվա առաջին կիսամյակի ավարտը հաստատություն դիմելու դեպքում ուսումը շարունակում է համապատասխան դասարանում` պայմանով, որ առաջին կիսամյակի և տարեկան գնահատականները որոշվելու են ուսումնական տարվա ավարտին կրթության պետական կառավարման լիազորված մարմնի սահմանած կարգով 120-200 ժամ բացակայած սովորողի համար նախատեսված լրացուցիչ քննությունների և ամփոփիչ ստուգողական աշխատանքների միջոցով, որոնց արդյունքների վերաբերյալ Նախարարությունը կարող է իրականացնել մոնիթորինգ:

Փոփոխություններ են իրականացվել նաև իններորդ դասարանի քննությունների հատվածում, սահմանվել է, որ 2-9-րդ դասարանների սովորողները, ուսումնական տարվա առաջին կիսամյակում որևէ ուսումնական առարկայից 1-3 գնահատված լինելու դեպքում, երկարօրյա ուսուցման կազմակերպման կարգի պահանջներին համապատասխան, ներգրավվում են տվյալ առարկայի պարապմունքներում՝ տվյալ առարկայից իրենց գնահատականը առնվազն չորս միավորի հասցնելու համար»,-նշել է փոխնախարարը։

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից հայտնում են, որ

Ազգային փոքրամասնության ներկայացուցիչները, ինչպես նաև օտարերկրյա քաղաքացիները, երկքաղաքացիները, քաղաքացիություն չունեցող անձինք երեխաների հայտագրումն իրականացնում են՝ հայտագրման մեկնարկի օրվան հաջորդող 22-րդ օրվանից սկսած, համակարգում ստեղծված առանձին էջի միջոցով։ Այս խմբի ներկայացուցիչները, ինչպես նաև այն դեպքում, երբ ծնողներից մեկը Հայաստանի Հանրապետության քաղաքացի է, մյուսը՝ ոչ, իրենք են ընտրում երեխայի ուսուցման լեզուն:

Ազգային փոքրամասնության սովորողի ուսուցումը կարող է կատարվել սովորողի մայրենի` ազգային լեզվով, տվյալ լեզվի դասընթաց ունեցող հաստատությունում: Դրա բացակայության դեպքում ուսուցման լեզվի ընտրությունը կատարում է սովորողի ծնողը: Եթե ազգային փոքրամասնության լեզվով ուսուցմամբ դպրոցում լիցենզիայով տրված սահմանային տեղերը լրանում են, և տվյալ բնակավայրում բացակայում է այլ հաստատություն, որտեղ համապատասխան ազգային լեզվով ուսուցման հնարավորություն կա, ապա սովորողի ընդունելությունն իրականացվում է՝ անկախ լիցենզիայով տրված սահմանային տեղերի սահմանափակումից:

Վերը թվարկված ժամկետների ավարտից հետո արտոնություն ունեցող խմբերի երեխաների ընդունելությունը առաջին դասարան կատարվում է ընդհանուր հիմունքներով, էլեկտրոնային համակարգի միջոցով:

Դպրոցին դիմում գրելու ժամկետը սեպտեմբերի 5-ն է

Երեխային դպրոց ընդունելու մասին գրավոր դիմումը ծնողը կամ նրա օրինական ներկայացուցիչը հաստատություն է ներկայացնում մինչև տվյալ ուսումնական տարվա սեպտեմբերի 5-ը՝ ներառյալ: Չներկայացվելու դեպքում երեխայի՝ հաստատություն ընդունվելու հայտը չեղարկվում է։

Սովորողի տեղափոխումը

ՀՀ տարածքում դպրոցից դպրոց տեղափոխումը կատարվում է ամբողջ ուսումնական տարվա ընթացքում ԿՏԱԿ կողմից վարվող «Դպրոցների կառավարման տեղեկատվական համակարգի» միջոցով: Սովորողի բացակայությունների ամփոփման համար սահմանված ժամկետից հետո նույն բնակավայրում հաստատությունից հաստատություն սովորողի տեղափոխությունն արգելվում է: Սովորողի տեղափոխումն իրականացվում է սովորողի՝ հաջորդ դասարան կամ հաջորդ կրթական աստիճան փոխադրվելու մասին մանկավարժական խորհրդի որոշումից հետո։ 

Նախնական (արհեստագործական) կամ միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններից հանրակրթական ուսումնական հաստատություն սովորողի տեղափոխությունը կատարվում է ուսումնական ամբողջ տարվա ընթացքում (1-ին կուրսից՝ 10-րդ դասարան, 2-րդ կուրսից՝ 11-րդ դասարան, 3-րդ և 4-րդ կուրսերից՝ 12-րդ դասարան)` բաց թողած ծրագրային նյութը լրացնելու պայմանով, կարգի պահանջների պահպանմամբ:

Արտերկրից ՀՀ տեղափոխվելու և կրթությունը շարունակելու մասին 

Սահմանված փաստաթղթերի առկայության և կրթական աստիճանների տևողության համապատասխանության դեպքում այլ երկրում ուսումնառությունն ընդհատած և Հայաստան վերադարձած սովորողի դասարանը որոշվում է ներկայացված փաստաթղթերի հիման վրա: Փաստաթղթերի առկայության և կրթական աստիճանների տևողության անհամապատասխանության դեպքում սովորողի ուսումնառությունը կազմակերպվում է մեկ դասարան բարձր (բացառությամբ 9-րդ դասարանի) կամ ցածր (կրթության տևողությունը 12 տարուց ավելի լինելու դեպքում):

Եթե այլ երկրներից Հայաստանի Հանրապետություն վերադարձած սովորողը չի ներկայացնում կրթության վերաբերյալ համապատասխան փաստաթղթեր, ապա նրա դասարանը որոշվում է առանձին ընթացակարգով: 

1-4-րդ դասարանները այլ երկրներում օտար լեզվով ուսուցմամբ հաստատությունում (դասարանում) սովորած ՀՀ քաղաքացիների երեխաները վերադառնալիս ուսումը շարունակում են հայերենով՝ համաձայն անհատական ուսուցման պլանի:

Ուսումնառության ընթացքում առնվազն 5 տարի անընդմեջ այլ երկրներում օտար լեզվով ուսուցմամբ սովորած ՀՀ քաղաքացիների երեխաները վերադառնալիս կարող են ուսումը շարունակել օտար լեզվով ուսուցմամբ համապատասխան դասարաններում՝ դրանց առկայության դեպքում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել