Կա մի ճշմարտությունը, որին ինչ-ինչ պատճառներով քիչ անդրադարձ կա․ Վահագն Խաչատուրյան

Ազգային ժողովում քննարկվում է ՀՀ նախագահի ընտրության հարցը։ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը առաջադրել է Վահագն Խաչատուրյանի թեկնածությունը։ Ընդդիմադիր խմբակցությունները թեկնածու չեն առաջադրել։

Խաչատուրյանը իր ելույթի ժամանակ նշեց, որ կարիք կա պատմական անդրադարձ կատարել 1986 թվականից մինչ օրս և որ իր համար 2018 թվականի «թավշյա հեղափոխությունը» նույնն էր։ Նրա խոսքով՝ նոր Հայաստանի կամ 3-րդ հանրապետության մասին խոսելիս ընդունված է պատմության նկարագրությունը սկսել 1988 թվականից՝ Ղարաբաղյան շարժումից։

«Սակայն, ըստ իս, կա մի ճշմարտությունը, որին ինչ-ինչ պատճառներով քիչ անդրադարձ կա։ Խոսքը վերաբերում է ԽՍՀՄ-ում տեղի ունեցող փոփոխություններին, որոնք սկսեցին Գորբաչովյան վերափոխումների արդյունքում և հանգեցրին ամբողջ խորհրդային ժամանակաշրջանի արժեքային համակարգի վերագնահատմանը։ Այն, ինչի սկիզբը դրվեց մեր նորանկախ պետությունում, պայմանավորված էր այդ արժեհամակարգի փլուզմամբ»,-նշեց թեկնածուն՝ հավելելով, որ ԽՍՀՄ-ն իր զարգացման տրամաբանության իրեն տանում էր ինքնակործանման։

Ըստ նրա՝ միության փլուզման պատճառներից մեկն այն էր, որ քաղաքացիները փոփոխություններ էին ուզում, դրանց կարիքը ունեին, սակայն փորձություններին պատրաստ չէին։

Խաչատուրյանը նշում է, որ Ղարաբաղյան շարժումը միշտ մի գաղափարախոսություն է ունեցել․ այն նպատակ է ունեցել և ունի ապահովելու Լեռնային Ղարաբաղում, Արցախում ապրող ժողովրդի՝  իրենց պատմական հայրենիքում ապրելու իրավունքը։

«Ոչ ոք իրավունք չպետք է ունենա այդ տարածքում ապրող մարդկանց ուժով կամ այլ մեթոդներով արգելել, տեղահանել իրենց պատմական բնօրրանից։ Մենք մեր պատմական անցյալի և 1988-1990 թվականների փորձից գիտեինք և ականատես էինք, թե ինչպես է դա արվում»,-նշեց նա։

Թեկնածուի խոսքով՝ ինչպես այս, այնպես էլ Սպիտակի աղետաբեր երկրաշարժի հետևանքները մենք կարողացանք հաղթահարել միասնականությամբ, հավատով, նոր երկիր, պետություն կառուցելու պատրաստակամությամբ և հնարավորություն ստացանք կերտելու անկախ Հայաստանի Հանրապետություն։

Մանրամասները՝ տեսանյութում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել