ԱՊՊԱ պայմանագիրն ուժի մեջ է մտնում կնքման օրվանից, եթե դրանում այլ ժամկետ նախատեսված չէ: ԱՊՊԱ պայմանագիրը կնքվում է նվազագույնը 3 ամիս, իսկ առավելագույնը՝ մեկ տարի ժամկետով:
ԱՊՊԱ պայմանագրի գործողությունը դադարում է պայմանագրի ժամկետը լրանալու դեպքում:
ԱՊՊԱ պայմանագրի վաղաժամկետ կարող է դադարել հետևյալ դեպքերում.
1) Հայաստանի Հանրապետության իրավասու պետական մարմնի կողմից տվյալ ավտոտրանսպորտային միջոցի նկատմամբ սեփականության իրավունքը գրանցվել է ԱՊՊԱ պայմանագրով ապահովադրից տարբերվող այլ անձի անունով, բացառությամբ եթե ԱՊՊԱ պայմանագիրը կնքվել է ֆինանսական վարձակալության (լիզինգի) պայմանագրով վարձակալ հանդիսացող անձի կողմից: ԱՊՊԱ պայմանագիրը ֆինանսական վարձակալության (լիզինգի) պայմանագրով վարձակալ հանդիսացող անձի կողմից կնքված լինելու դեպքում ԱՊՊԱ պայմանագիրը վաղաժամկետ դադարում է այն դեպքում, եթե դադարել է ֆինանսական վարձակալության (լիզինգի) պայմանագիրը, և ավտոտրանսպորտային միջոցի նկատմամբ սեփականության իրավունքը չի գրանցվել այդ անձի անունով կամ գրանցվելուց հետո օտարվել է այլ անձի.
2) ավտոտրանսպորտային միջոցը հանվել է պետական հաշվառումից.
3) ապահովագրական ընկերությունը լուծարվել է, և ապահովադիրը չի ցանկանում պայմանագիրը շարունակել այն ապահովագրական ընկերության հետ, որին փոխանցվում է ապահովագրական պորտֆելը.
4) օրենքով նախատեսված դեպքերում ապահովագրական ընկերությունն իր ապահովագրական պորտֆելը փոխանցում է այլ ապահովագրական ընկերության, և ապահովադիրը չի ցանկանում պայմանագիրը շարունակել այդ ապահովագրական ընկերության հետ.
5) օրենքով կամ Բյուրոյի կանոններով նախատեսված այլ դեպքերում:
Ապահովագրական ընկերությունը ԱՊՊԱ-ի վերաբերյալ իր պորտֆելը կարող է փոխանցել միայն օրենքով սահմանված կարգով ԱՊՊԱ իրականացնելու իրավունք ունեցող ապահովագրական ընկերությանը:
Նշված 1-2-րդ կետերով նախատեսված հիմքերի առաջացման դեպքում այդ մասին ապահովադիրը տեղեկացնում է ապահովագրական ընկերությանը՝ ԱՊՊԱ պայմանագրով նախատեսված ժամկետում և կարգով:
Նշված 1-4-րդ կետերով նախատեսված դեպքերում ԱՊՊԱ պայմանագիրը վաղաժամկետ դադարում է համապատասխան հիմքն ի հայտ գալու պահին: Այդ դեպքերում ապահովագրական ընկերությունն ապահովադրին վերադարձնում է պայմանագրի գործողության չլրացած ժամկետի համար վճարված ապահովագրավճարները: Ընդ որում, 1-2-րդ կետերով նախատեսված հիմքերով ԱՊՊԱ պայմանագրի վաղաժամկետ դադարեցման դեպքում պայմանագրի գործողության չլրացած ժամկետը հաշվարկվում է ապահովադրի կողմից ապահովագրական ընկերությանը գրավոր դիմում ներկայացնելու օրվանից, սակայն համապատասխան հիմքն ի հայտ գալու պահից ոչ շուտ: