ԱՊՊԱ պայմանագրով նախատեսված ապահովագրական գումարը մեկ ավտոտրանսպորտային միջոցի հետ կապված մեկ ապահովագրական պատահարի համար չպետք է պակաս լինի՝
1) անձնական վնասների համար՝ 3 000 000 Հայաստանի Հանրապետության դրամ գումարից՝ ըստ յուրաքանչյուր տուժողի, և 9 000 000 Հայաստանի Հանրապետության դրամ գումարից՝ ըստ յուրաքանչյուր ապահովագրական պատահարի.
2) գույքին պատճառված վնասների համար՝ 1 500 000 Հայաստանի Հանրապետության դրամ գումարից՝ ըստ յուրաքանչյուր ապահովագրական պատահարի: Եթե սույն օրենքի համաձայն` հատուցման ենթակա գույքին պատճառված վնասներ են կրել մեկից ավելի անձինք, և այդ վնասների ընդհանուր գումարը գերազանցում է ըստ յուրաքանչյուր ապահովագրական պատահարի սահմանված ապահովագրական գումարը, ապա այդ անձանցից յուրաքանչյուրին ապահովագրական հատուցումները վճարվում են վնասների ընդհանուր գումարում նրանց գույքին պատճառված վնասների չափերին համամասնորեն` ըստ յուրաքանչյուր ապահովագրական պատահարի սահմանված ապահովագրական գումարի սահմաններում:
Եթե հատուցման ենթակա անձնական վնասներ են կրել մեկից ավելի անձինք, և այդ վնասների ընդհանուր գումարը գերազանցում է ըստ յուրաքանչյուր ապահովագրական պատահարի սահմանված ապահովագրական գումարը, ապա նրանցից յուրաքանչյուրին ապահովագրական հատուցումները վճարվում են վնասների ընդհանուր գումարում նրանց պատճառված անձնական վնասների չափերին համամասնորեն` ըստ յուրաքանչյուր ապահովագրական պատահարի սահմանված ապահովագրական գումարի սահմաններում:
Յուրաքանչյուր տուժողին վճարման ենթակա գումարը չի կարող գերազանցել ըստ յուրաքանչյուր տուժողի սահմանված ապահովագրական գումարը: Այն դեպքում, երբ տուժողներից մեկի (մի քանիսի) համար, սույն մասի համաձայն, համամասնորեն հաշվարկված գումարը (գումարներից յուրաքանչյուրը) գերազանցում է ըստ յուրաքանչյուր տուժողի սահմանված ապահովագրական գումարը, ապա գերազանցող մասով (մասերով) հատուցվում են մյուս տուժողներին պատճառված վնասները այդ վնասներին համամասնորեն` ըստ յուրաքանչյուր տուժողի սահմանված ապահովագրական գումարի սահմաններում:
ԱՊՊԱ ոլորտում չհատուցվող գումարը կիրառվում է ԱՊՊԱ պայմանագրով, իսկ Երաշխավորման ֆոնդի միջոցների հաշվին հատուցման դեպքերի համար` Բյուրոյի կանոններով նախատեսված պայմաններով և կարգով: Ընդ որում, ԱՊՊԱ ոլորտում չհատուցվող գումար կարող է նախատեսվել միայն Բյուրոյի խորհրդի սահմանած չափով և դեպքերում:
Տուժողի փաստացի կրած վնասները հատուցելու համար ապահովագրական հատուցումն անբավարար լինելու դեպքում ապահովագրական հատուցման և վնասի փաստացի չափի միջև եղած տարբերությունը հատուցում է վնաս պատճառողը` Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 1066-րդ հոդվածի համաձայն: Տուժողի փաստացի կրած այն վնասները, որոնք հատուցման ենթակա չեն ԱՊՊԱ պայմանագրով (Բյուրոյի կողմից), հատուցում է վնաս պատճառողը` Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով սահմանված դեպքերում և կարգով:
Ապահովագրական գումարը ԱՊՊԱ պայմանագրի գործողության ընթացքում ենթակա չէ նվազեցման` անկախ այդ ընթացքում ապահովագրական պատահարների դիմաց վճարված ապահովագրական հատուցումներից: