Հասարակության մի ստվար զանգված տեղյակ չէ, թե ինչ մարմին է ՀՌՀ-ն, որը խնդիր է. Անժելա Նալբանդյան

ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը փետրվարի 22-ի հերթական նիստին ելույթ ունեցավ «Հայաստան» խմբակցության կողմից առաջադրված Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի թեկնածու Անժելա Նալբանդյանը:

Վերջինս անդրադարձավ այն հարցին, թե որքանով է հանրությունը տեղեկացված ՀՌՀ գործունեությունից, հաշվի առնելով, որ այն պետական մարմին է և պետք է հաշվետու լինի հանրությանը:

«Հասարակության մի ստվար զանգված տեղյակ չէ, թե ինչ մարմին է ՀՌՀ-ն, որը խնդիր է, որովհետև որպես պետական մարմին, այն շատ հստակ կարգավորող և վերահսկող գործառույթ ունի մի բանի նկատմամբ, որին ամեն օր առնչվում է հասարակությունը՝ Հայաստանում և երկրից դուրս: Այն կարող է պետության վստահության բարձրացման գործին ծառայող կոնկրետ առաքելություն ունենալ»,-նշեց նա:

Անժելա Նալբանդյանի կարծիքով՝ պետք է հասկանալ, թե մարդիկ, որոնք տեղյակ են ՀՌՀ գործունեությունից, ինչ ակնկալիքներ ունեն հանձնաժողովից և որքանով են նրանց ակնկալիքները համապատասխանում գործող օրենսդրությամբ կառույցի ունեցած գործառույթներին:

«Ուզում եմ ներկայացնել այն տեսլականը կամ մեխանիզմը, որի պրակտիկ կիրառման դեպքում կարող ենք ակնկալել տեսալսողական մեդիա- կարգավորող մարմին-հանրություն կամ սպառող շղթայի արդյունավետ կապը․ օրենքի առկայության և պահպանման պարագայում չափելի որակական հատկանիշների ներդրմանն ուղղված թեկուզ փոքր, բայց գործուն ու չվնասող քայլերի մշակում, դրանց ներդրում՝ արտադրվող կոնտենտի մեջ, այդ ամենը բարեխիղճ մասնագիտական հատկանիշներով առաջնորդվող ու իրապես ապաքաղաքական կողմնորոշմամբ վերահսկող, կարգավորող մարմին ու պատասխանատու սպառող: Եվ երբ հստակ սահմանված ունենանք այս նշաձողն ու կանոնները, իմ ընկալմամբ՝ հանրային հեռուստառադիո ընկերությունը պետք է լինի այն լոկոմոտիվը, որն իր հետևից պիտի տանի մնացած մեդիահարթակներին՝ պրակտիկորեն ցույց տալով, որ որակյալը կարող է ևս պահանջված լինել»,- ասաց Անժելա Նալբանդյանը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել