Զինվորական ծառայության ժամանակահատվածը ևս աշխատանքային ստաժ է

ՀՀ աշխատանքային օրենսգրքի 20-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` աշխատանքային ստաժը դա այն ժամանակահատվածն է, որի ընթացքում քաղաքացին եղել է աշխատանքային հարաբերությունների մեջ, ինչպես նաև այլ ժամանակահատվածներ, որոնք նորմատիվ իրավական ակտերին համապատասխան կամ կոլեկտիվ պայմանագրին համապատասխան, կարող են հաշվարկվել աշխատանքային ստաժում: Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` աշխատանքային ստաժի հաշվարկման կարգը սահմանում է ՀՀ կառավարությունը:

Դրան համապատասխան ՀՀ կառավարության կողմից 2011թ. մայիսի 5-ին ընդունվել է թիվ 665-Ն որոշումը, որով կարգավորվում են աշխատանքային ստաժի հաշվարկման հետ կապված հարաբերությունները: Համաձայն այդ որոշման` աշխատանքային ստաժում հաշվարկվում են ՀՀ օրենսդրությանը համապատասխան աշխատանքի ընդունվելուց մինչև ազատվելու օրն ընկած ժամանակահատվածը, այլ գործունեության ժամանակահատվածը, ինչպես նաև զինվորական ծառայության ժամանակահատվածը: Այլ ժամանակահատվածի մեջ ներառվում է` բուհում սովորելու ժամանակահատվածը (ցերեկային ուսման ձևով)` հաշվարկվում է 16 տարեկանից հետո ընկած ժամանակահատվածից` սկսած բուհ ընդունվելու տարվա սեպտեմբերի 1-ից մինչև ավարտական փաստաթղթում նշված ժամանակահատվածը, փախստականների՝ մինչև 1992 թվականը, իսկ Հայաստանի Հանրապետության Արծվաշեն գյուղից բռնի տեղահանված անձանց մինչև 1992 թվականի օգոստոսն աշխատած ժամանակահատվածը, Հայաստանի Հանրապետությունում 1988 թվականի դեկտեմբերի 7-ին տեղի ունեցած երկրաշարժից տուժած քաղաքներում և շրջաններում մինչև երկրաշարժի օրն աշխատած ժամանակահատվածը, «Կենսաթոշակային ապահովության բնագավառում Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների քաղաքացիների իրավունքների երաշխիքների մասին» համաձայնագրի մասնակից պետություններում ձեռք բերված ստաժը, քրեակատարողական հիմնարկում պատիժը կրող անձի աշխատած ժամանակահատվածը, գործազրկության նպաստ ստանալու ժամանակահատվածները, աշխատանքային խեղման կամ մասնագիտական հիվանդության հետևանքով հաշմանդամ ճանաչված անձի հաշմանդամության ամբողջ ժամանակահատվածը, եթե բժշկասոցիալական փորձաքննություն իրականացնող իրավասու պետական մարմնի տված վարչական ակտի քաղվածքում (տեղեկանքում) կատարված է աշխատանքային գործունեությամբ զբաղվելու կարողության 3-րդ աստիճանի սահմանափակում (մինչև 2003 թվականի հունվարի 1‑ը՝ աշխատունակության 90-100 տոկոս կորուստ) ունենալու մասին նշում` մինչև 63 տարին լրանալը:

Կենսաթոշակի չափը հաշվարկելիս (վերահաշվարկելիս)` աշխատանքային ստաժի հանրագումարի մեջ (տարի, ամիս, օր) մինչև 6 ամսվա (180 օրվա) ժամանակահատվածը չի հաշվառվում, իսկ 6 ամսվանից ավելի ժամանակահատվածը հաշվառվում է որպես մեկ տարվա ստաժ:

 Աշխատանքային ստաժում հաշվարկվող աշխատանքային կամ այլ գործունեության ժամանակահատվածները համընկնելու դեպքում հաշվառվում է դրանցից մեկը:

Իրավաբան.net

 

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել