Արտակ Մ.-ն մեղադրվում է ապահովագրական ընկերությունից խաբեության եղանակով խոշոր չափերի գումար հափշտակելուն օժանդակելու համար:
Այս մասին Իրավաբան.net-ը տեղեկանում է «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից:
Գործը վարույթ է ընդունել 2022 թվականի հունվարի 7-ին և մակագրվել է Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վարդան Գրիգորյանին:
Վերջինս նախնական համաձայնության գալով Հայկազ Ա.-ի հետ, 2020 թվականի հունվարի 23-ին Երևան քաղաքում իր և Հայկազ Մ.-ի ավտոմեքենաների մասնակցությամբ ճանապարհատրանսպորտային պատահարի «ձևացում» են կազմակերպել, որից հետո Արտակ Մ.-ն ընդունել է վթարի մեղավորությունը և այն իրացնելու նպատակով միասին կազմել են «Արձանագրություն-համաձայնություն նյութական վնասով ճանապարհատրանսպորտային պատահարի գործով վարչական վարույթ իրականացնելու պահանջից հրաժարվելու և ՃՏՊ-ի տվյալների մասին» փաստաթուղթ և ստորագրել այն:
Հայկազ Մ.-ն ապահովագրական ընկերությունից 1 միլիոն 800 հազար դրամ հափշտակելու նպատակով՝ որպես ստացված վնասի հատուցում, նշված կեղծ փաստաթուղթը 2020 թվականի հունվարի 29-ին ներկայացրել է ապահովագրական ընկերութուն, սակայն վերջինիս հատուցումը չի վճարվել, քանի որ նշանակված փորձաքննությամբ պարզվել է պատահարի «ձևացում»-ը:
Արտակ Մ.-ին մեղադրանք է առաջադրվել քրեական օրենսգրքի 34-178 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի (խարդախության փորձ, որը կատարվել է խոշոր չափերով) և 325 րդ հոդվածի 2-րդ մասի (փաստաթղթեր կեղծելը, իրացները կամ օգտագործելը, որոնք կատարվել են մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ) հատկանիշներով:
Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել՝ ստորագրություն չհեռանալու մասին:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: