Առողջապահության նախարարի հրամանով լրացում է կատարվել արյան պարտադիր հետազոտությունների ցանկում

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը փետրվարի 3-ին հրաման է ստորագրել, որով լրացվել է ՀՀ առողջապահության նախարարի 2012 թվականի օգոստոսի 7-ի «Արյան պարտադիր հետազոտությունների ցանկը, իրականացման կարգն ու մեթոդները հաստատելու մասին» թիվ 12-Ն հրամանի հավելվածը նոր 13-րդ կետով։

Փոփոխությունն ուժի մեջ է մտել փետրվարի 19-ին։

Իրավաբան.net-ը հավելվածը ներկայացնում է ամբողջությամբ։

Արյան պարտադիր հետազոտությունների ցանկը, իրականացման կարգն ու մեթոդները

1. Սույնով սահմանվում են արյան (այսուհետ` դոնորական արյան փորձանմուշ) պարտադիր հետազոտությունների ցանկը, իրականացման կարգն ու մեթոդները:

2. Դոնորական արյան փորձանմուշների պարտադիր հետազոտություններն ուղղված են արյան միջոցով վարակների փոխանցման վտանգի նվազեցմանը:

3. Համաձայն Առողջապահության համաշխարհային կազմակերպության և Եվրոխորհրդի Արյան փոխներարկման կոմիտեի «Արյան բաղադրամասերի ստացման, օգտագործման և որակի ապահովման R(95)15» ուղեցույցի երաշխավորագրերի, դոնորական արյան փորձանմուշը պարտադիր հետազոտվում է հետևյալ ինֆեկցիաների /վարակների/ հարուցիչների նկատմամբ`

1) վիրուսային հեպատիտ Բ-ի,

2) վիրուսային հեպատիտ Ց-ի,

3) սիֆիլիսի,

4) մարդու իմունային անբավարարության վարակի,

5) բրուցելոզի:

4. Դոնորական արյան փորձանմուշների պարտադիր հետազոտությունների միջոցով որոշվում է դոնորական արյան փորձանմուշի խմբային և ռեզուս պատկանելիությունը:

5. Դոնորական արյան փորձանմուշի մեջ պարտադիր որոշվում է ալանինամինատրանսֆերազա ֆերմենտի (ԱԼՏ) քանակը:

6. Դոնորական արյան փորձանմուշների պարտադիր հետազոտություններն իրականացվում են հետևյալ կարգով ու մեթոդներով`

1) մարդու իմունային անբավարարություն առաջացնող վիրուս 1 և 2 տիպի հարուցիչների հակածինների և հակամարմինների որոշում իմունաֆերմենտային մեթոդով` թեստ-համակարգի (ռեակտիվ) արտադրողի օգտագործման ցուցումների համաձայն,

2) ավստրալիական հակածնի Էյջ Բի ս Էյ ջի- (HBsAg) որոշում իմունաֆերմենտային մեթոդով` թեստ-համակարգի (ռեակտիվ) արտադրողի օգտագործման ցուցումների համաձայն,

3) հակա-Էյջ բի սի Օ էռ (Hbcօr) հակամարմինների որոշում իմունաֆերմենտային մեթոդով` թեստ-համակարգի (ռեակտիվ) արտադրողի օգտագործման ցուցումների համաձայն,

4) հակա-Էյջ Սի Վի (HCV) հակամարմինների որոշում իմունաֆերմենտային մեթոդով` թեստ-համակարգի (ռեակտիվ) արտադրողի օգտագործման ցուցումների համաձայն,

5) հակապալլիդում հակամարմինների որոշում պրեցիպիտացիայի ԷռՓիԷռ (-RPR) և ագլյուտինացիայի Թի Փի Էյջ Էյ -(TPHA) կամ իմունաֆերմենտային մեթոդով` թեստ-համակարգի (ռեակտիվ) արտադրողի օգտագործման ցուցումների համաձայն,

6) հակաբրուցելոզային հակամարմինների որոշում ագլյուտինացիայի կամ իմունաֆերմենտային մեթոդով` թեստ-համակարգի (ռեակտիվ) արտադրողի օգտագործման ցուցումների համաձայն,

7) Դոնորական արյան փորձանմուշների հետազոտումը վիրուսային հեպատիտ Բ-ի, վիրուսային հեպատիտ Ց-ի և մարդու իմունային անբավարարության վարակների նկատմամբ պարտադիր իրականացվում է պոլիմերազային շղթայական ռեակցիայի (ՊՇՌ) միջոցով:

7. Դոնորական արյան փորձանմուշում ալանինամինատրանսֆերազա ֆերմենտի (ԱԼՏ) ակտիվության որոշում կինետիկական մեթոդով` թեստ-համակարգի (ռեակտիվ) արտադրողի օգտագործման ցուցումների համաձայն:

8. Դոնորական արյան փորձանմուշում որոշվում են` էրիթրոցիտային Օ (Օ), Էյ-(A), B- (Բի), հակածինները և շիճուկում որոշվում են a (ալֆա), b (բետա) հակամարմինները խաչաձև մեթոդով: Հակածին Այ-A-ի թույլ արտահայտվածության դեպքում որոշվում է նաև Էյջ (H) հակածինը:

9. Դոնորական արյան փորձանմուշում որոշվում են ռեզուս համակարգի Դի ՍԻ (D, C) հակածինները` մոնոկլոնալ հակամարմիններով կամ կոնգլյուտինացիայի մեթոդով:

10. Հնարավոր հետփոխներարկումային ռեակցիաների և բարդությունների պատճառների վերլուծման նպատակով հետազոտված փորձանմուշները պահպանվում են`

1) վարակային անվտանգության հետազոտման նպատակով վերցված փորձանմուշները սառեցվում և պահպանվում են -20oC ջերմաստիճանի պայմանում մեկ օրացուցային տարի, որից հետո խոտանվում են.

2) խմբային և ռեզուս պատկանելիության որոշման նպատակով վերցված փորձանմուշները պահպանվում են +2 +40oC ջերմաստիճանի պայմանում 14 օրացուցային օր, որից հետո խոտանվում են:

11. Դոնորական արյան փորձանմուշի հետազոտությունների իրականացման դեպքում լրացվում են Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2012 թվականի հունվարի 24-ի «Արյան, դրա բաղադրամասերի շրջանառության ոլորտում կիրառվող բժշկական փաստաթղթերի ձևերը և դրանց լրացման կարգը հաստատելու մասին» N 02-Ն հրամանով հաստատված N 4, N 6, N 7, N 8, N 9, N 10 ձևերը:

12. Ռեզուս բացասական դոնորների արյան փորձանմուշում որոշվում է հակա-Դե (հակա-D) հակամարմինների առկայությունը:

13. Դոնորական արյան փորձանմուշում որոշվում է Քելլ (Kell) հակածինը` ագլյուտինացիայի մեթոդով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել