Եթե միջազգային պայմանագիրը հակասում է ՀՀ Սահմանադրությանը

Ինչպես գիտենք, եթե Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը որոշում է ընդունել հայկական կողմի ստորագրած միջազգային պայմանագրում ամրագրված պարտավորությունները Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը չհամապատասխանելու մասին, ապա այդ պայմանագիրը Ազգային ժողովի վավերացմանը չի ներկայացվում: Օրենքը այս կանոնից նախատեսում է բացառություն, որը կներկայացնենք ստորև։

Եվ այսպես` նկատի ունենալով վերը նշված պայմանագրի կարևորությունը Հայաստանի Հանրապետության համար` Հայաստանի Հանրապետության Նախագահը կարող է հանձնարարել երկկողմ պայմանագրի մյուս կողմի հետ բանակցություններ վարել դրանում Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի որոշման մեջ նշված հակասությունները վերացնելու շուրջ։

Նման գործողություններ կարող է նախաձեռնել նաև իրավասու գերատեսչությունը կամ արտաքին գործերի նախարարությունը` միմյանց հետ համաձայնեցմամբ:

Միջազգային պայմանագրի համապատասխան դրույթը վերացնելու կամ այլ դրույթով փոխարինելու շուրջ բանակցությունների արդյունքում փոխհամաձայնություն ձեռք բերվելու դեպքում դա ամրագրվում է տվյալ միջազգային պայմանագրի փոփոխված տեքստի ստորագրումով կամ այդ պայմանագրի անբաժանելի մաս կազմող արձանագրության ստորագրումով։ Վերջինում հստակ նշվում է, թե պայմանագրի որ հոդվածը կամ դրույթն է հանվում տեքստից կամ փոխարինվում այլ դրույթով։

Պայմանագրի նորացված տեքստը կամ դրա անբաժանելի մաս կազմող արձանագրությունը հայկական կողմից ստորագրում է միջազգային պայմանագիր ստորագրելու իրավասություն կամ հատուկ լիազորություններ ունեցող պաշտոնատար անձը։

Դրանից հետո միջազգային պայմանագիրը կրկին ներկայացվում է վավերացման կամ հաստատման։

Եթե Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը հակասող պարտավորություններ նախատեսող բազմակողմ միջազգային պայմանագիրը հնարավորություն է տալիս այն վավերացնելու Սահմանադրությանը չհամապատասխանող պարտավորություններ նախատեսող դրույթները Հայաստանի Հանրապետության կողմից չկատարվելու կամ նրա համար դրանք պարտադիր չլինելու վերաբերյալ վերապահում կամ հայտարարություն արվելու միջոցով, ապա Հայաստանի Հանրապետության Նախագահը այդ պայմանագիրը կարող է ներկայացնել համապատասխան վերապահումով կամ հայտարարությունով Ազգային ժողովի վավերացմանը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել