1992թ. անկախությունից հետո Հայաստանի Հանրապետությունը ստորագրեց և վավերացրեց մի շարք միջազգային հիմնարար համաձայնագրեր, պայմանագրեր և կոնվենցիաներ` դրանով պարտավորվելով ստեղծել այնպիսի պայմաններ, որ կապահովեն այդ միջազգային փաստաթղթերից բխող պարտավորությունների կատարումը:
Օրինակ, ՄԱԿ-ի Կանոնադրությանը համաձայն` «Բոլոր անդամները բարեխղճորեն կատարում են կանոնադրությամբ ստանձնած պարտավորությունները, որպեսզի ապահովեն իրենց բոլորի համար անդամությունից բխող իրավունքներն ու առավելությունները»:
Համապատասխանաբար, Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը արտահայտում է Կոնվենցիայի վերը նշված միտքը հոդված 6-ում հետևյալ ձևով. «Միջազգային պայմանագրերն ուժի մեջ են մտնում միայն վավերացվելուց կամ հաստատվելուց հետո: Միջազգային պայմանագրերը Հայաստանի Հանրապետության իրավական համակարգի բաղկացուցիչ մասն են»:
Դառնալով մարդու իրավունքների միջազգային փաստաթղթերի մասնակից` Հայաստանի Հանրապետությունը որոշակի պարտավորություններ է ստանձնել:
Օրինակ, դառնալով Քաղաքացիական և քաղաքական իրավունքների վերաբերյալ միջազգային դաշնագրի մասնակից` Հայաստանի Հանրապետությունը պարտավորվել է պաշտպանելու և ապահովելու շարժման ազատությունը, օրենքի առջև հավասարությունը, արդար դատավարության իրավունքը և անմեղության կանխավարկածը, մտքի, խղճի և կրոնի ազատությունը, կարծիքի և արտահայտման, խաղաղ հավաքների ազատությունը, միավորման և հասարակական գործերին ու ընտրություններին մասնակցության ազատությունը և փոքրամասնության իրավունքների պաշտպանվածությունը: Սա անվերապահորեն հաստատում է, որ մարդու իրավունքին վերաբերող հիմնահարցերը, այսինքն մարդկանց իրավունքների և ազատությունների իրականացման համար անհրաժեշտ պայմանների ստեղծումը և պաշտպանությունը Հայաստանի Հանրապետության անմիջական պարտականությունն է:
Մարդու իրավունքների իրագործման պաշտպանության, աջակցության և ապահովման պարտավորությունը պետությունների կարևորագույն պատասխանատվությունն է, որն էլ հետևաբար պետությունների վրա անհատների մարդու իրավունքների պաշտպանության պատասխանատվություն է դնում: Պետություններն իրենց տարածքում բնակվող բոլոր մարդկանց պարտավոր են ապահովել բազմաթիվ Մարդու իրավունքներով, մինչդեռ պետությունը պարտավոր է որոշակի մարդու իրավունքներով ապահովել մարդկանց հատուկ խմբերի:
Հիմնականում պայմանագրերի մեծ մասն օժտված չեն գործադիր իշխանությամբ: Որոշ պետություններում միջազգային պայմանագրերը գերակայություն ունեն պետական օրենսդրության նկատմամբ, շատ երկրներում պայմանագրերին տրվում է սահմանադրության կարգավիճակ, և մի շարք պետություններում միայն տվյալ պայմանագրի որոշակի դրույթներ են արտացոլվում պետական օրենսդրության մեջ:
ՄԱԿ-ի համակարգում գոյություն ունեն նաև մարդու իրավունքների միջազգային չափանիշների կենսագործումը վերահսկելու և մարդու իրավունքների խախտումների մասին գանգատները քննության առնելու մի շարք պայմանագրային և արտապայմանագրային մեխանիզմներ: Վերջիններս վերահսկում են մարդու իրավունքներին վերաբերող հիմնարար միջազգային պայմանագրերի կենսագործումը: Ստեղծված առանձին հանձնաժողովները կազմված են անկախ փորձագետներից, որոնք գործում են անհատապես և ոչ որպես իրենց կառավարությունների ներկայացուցիչներ, թեև ընտրվում են մասնակից պետությունների ներկայացուցիչների կողմից: Պայմանագրերի կատարումը վերահսկող մարմինների հիմնական գործառույթներն են մասնակից պետությունների ներկայացրած զեկույցների ուսումնասիրումը և մարդու իրավունքների խախտումների մասին գանգատները քննության առնելը: