Սոս Հակոբյանը հայտնել է ԱԺ քննիչ հանձնաժողովին ընդդիմության չմասնակցելու պատճառների մասին

Արթուր Վանեցյանի ղեկավարած «Հայրենիք» կուսակցության մամուլի խոսնակ Սոս Հակոբյանը ֆեյբուքյան իր էջում գրել է.

«ԱԺ երկու ընդդիմադիր խմբակցությունների հայտարարությունը 44-օրյա պատերազմի քննության համար ստեղծված քննիչ հանձնաժողովին չմասնակցելու վերաբերյալ բազմաթիվ քննարկումների, հարցերի պատճառ է դարձել:

Չմասնակցելու պատճառները քիչ չեն և բազմիցս ներկայացվել են ընդդիմության ներկայացուցիչների կողմից:

Այնուամենայնիվ, փորձենք շեշտել դրանցից մեկը. ոչ թե հանցագործներին բռնելու գործիք, այլ՝ քաղաքական պատասխանատվության հարց:

Պնդում 1. Պառլամենտում քննվում են այն հարցերը, որոնք խնդիր են հետապնդում որոշում կայացնել քաղաքական պատասխանատվության հարթությունում: Նորից եմ շեշտում. քաղաքական հարցեր՝ քաղաքական պատասխանատվություն: ԱԺ քննիչ հանձնաժողովը չի ենթադրվում, որ պետք է ունենա ավելի հզոր մասնագիտական ներուժ քան ՊՆ, ԱԱԾ և այլ պետական կառույցները միասին վերցրած, դա ուղղակի կլիներ խելագարության կանխավարկած: ԱԺ հանձնաժողովի կողմից ոլորտի մի քանի փորձագետներ հրավիրելը նորից նպատակ ունի մասնագիտական օժանդակություն ապահովել նյութի յուրացման և վերլուծության կատարման համար, բայց կրկին՝ քաղաքական պատասխանատվության հարցը լուծելու նպատակով, այլ ոչ թե՝ դրանից մասնագիտական հարթակ կառուցելու:

Եզրահանգում.

Հետևաբար, իրականում կատարողների մակարդակում ռազմագիտության և քրեական իրավունքի տիրույթներում համապատասխանաբար համակարգային խնդիրների բացահայտմամբ և մեղավորների փնտրտուքով կարող են և պետք է զբաղվեն քննչական մարմինները և ոլորտի լիազոր մարմինները (ՊՆ, ԱԱԾ և այլն):

Պնդում 2. Քաղաքական պատասխանատվության հարցեր կարելի քննարկել քաղաքական մեծամասնության հետ, երբ երկրիդ խորհրդարանում կա դույզն-ինչ կերպով արտահայտվող իշխանությունների բաժանման և հակակշռման նշաններ, եթե, կա գուցե մի փոքր հավանականություն, որ բացասական եզրակացության պարագայում իշխանական մեծամասնությունը կկանչի կառավարությանը և նրա ղեկավարին ու կասի՝ ձեր իրերը հավաքելու համար ձեզ քանի՞ օր է անհրաժեշտ: հատկապես, երբ ամբողջ ընթացքը աշխատանքների, ելնելով հարցի էությունից, գնալու է գաղտնի փորմատով և հանրությունը հնարավորություն չի ունենալու տեսնել և վերահսկել որևէ պրոցես: Իսկ ՀՀ-ում, հիշեցնեմ բոլորիս, որ հենց իշխանական պատգամավորի ծննդաբերած գաղափարի պատճառով վերջիններիս ներկայում հանրության ստվար զանգվածը ճանաչում է «ուսապարկ» խորհրդանշական մակնշմամբ:

Եզրահանգում.

Քննիչ հանձնաժողովի նպատակը տեսականորեն կարող է լինել կառավարությանը պատասխանատվության ենթարկելը կամ քաղաքական ղեկավարման օղակներում այլ խնդիրների հայտնաբերումը, որը հնարավոր չէ իրականացնել, երբ քո իշխանական պատգամավորները 3 տարվա ընթացքում գեթ մեկ բովանդակային և հաշվետվություն ակնկալող հարցադրում չեն կարողացել ձևակերպել և հնչեցնել կառավարության անդամներին և ուսապարկերից գլխավորին:

Ասեմ՝ այս պարագայում իշխանությունը նույնպես հետապնդում է քաղաքական պատասխանատվության հարց, ուղղակի փոքր ինչ այլ կոնտեքստում՝ ի սկզբանե «փրկել» գործադիրի գլխից բռնվածին պատերազմով բերված աղետների համար մի օր ժողովրդի առջև կանգնելուց և պատասխանատվություն կրելուց, ինչը, մեղմ ասած, հուսահատ և անպտուղ ձեռնարկություն է»,- գրել է նա:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել