Հայաստանի Հանրապետությունում թռիչքներ իրականացնելու նպատակով շահագործվող օդանավը պետք է լինի թռիչքների համար պիտանի և համապատասխանի շրջակա միջավայրի պահպանության` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պահանջներին:
Օդանավը թռիչքների համար համարվում է պիտանի, եթե այն նախագծվել, արտադրվել, սարքավորվել և սպասարկվել է թռիչքային անվտանգության պահանջներին համապատասխան և ունի բավարար թռիչքային որակներ:
Օդանավը շրջակա միջավայրի պահպանության համար համարվում է պիտանի, եթե այն նախագծվել, արտադրվել, սարքավորվել և սպասարկվել է այնպես, որ համապատասխանում է աղմուկի ու արտանետումների գործող սահմանափակումներին և շրջակա միջավայրի պահպանության այլ պահանջներին:
Թռիչքային պիտանիության վկայականների տրման, գործողության ժամկետի երկարաձգման և օտարերկրյա թռիչքային պիտանիության վկայականների ճանաչման և կիրառման, ինչպես նաև թռիչքային պիտանիությանն առնչվող և թռիչքային պիտանիության ապահովմանն ուղղված մանրամասն կանոնները, կարգերը, հրահանգները սահմանում է Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունը:
Օդանավի թռիչքային պիտանիության նորմերը, օդանավի տիպի թռիչքային պիտանիության վկայականների տրման կարգը, ինչպես նաև միջազգային ավիացիոն կազմակերպությունների կամ օտարերկրյա պետությունների սահմանած` օդանավի թռիչքային պիտանիության նորմերի և օդանավի տիպի թռիչքային պիտանիության վկայականների ճանաչման և կիրառման կարգը սահմանում է Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունը:
Հայաստանի Հանրապետությունում շահագործվող օտարերկրյա օդանավերը պետք է ունենան թռիչքային պիտանիության սերտիֆիկատներ, որոնք տրված են այլ երկրի կողմից և միջազգային կոնվենցիայի կամ այդ երկրի հետ կնքված համաձայնագրի հիման վրա ճանաչվում են Հայաստանի Հանրապետությունում:
Օդանավի սեփականատերը կամ շահագործողը լիազորված մարմնին ներկայացնում է թռիչքային պիտանիության սերտիֆիկատ ստանալու հայտ: Հայտի հետ սեփականատերը կամ շահագործողը ներկայացնում է օդանավի տիպի սերտիֆիկատը և հայտն ուսումնասիրելու համար անհրաժեշտ փաստաթղթեր՝ Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության սահմանած կարգի համաձայն: