Ոչինչ կատարյալ չէ և չի կարող լինել․ փոխնախարարը՝ նոր նախագծի մասին

Հանրային քննարկման է դրված կրթության զարգացման պետական ծրագրի նախագիծը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Ժաննա Անդրեասյանը։

«Վերջին ծրագիրն ավարտվել էր 2015-ին, 2015-ից այս կողմ օրենքով նախատեսված այս ռազմավարական փաստաթուղթը չի հաստատվել, չնայած տարբեր քննարկումներ է անցել։

Կարդացեք, քննարկեք և քննադատեք։ Ոչինչ կատարյալ չէ և չի կարող լինել, բայց մեր առաջիկա ուղղությունները պետք է հստակ լինեն։ Առաջիկայում նաև առանձին քննարկումներ կլինեն տարբեր խմբերի հետ»,-գրել է նա։

Նշենք, որ Կառավարությունը հավանություն է տվել «Հայաստանի Հանրապետության կրթության մինչև 2030 թվականը զարգացման պետական ծրագիրը հաստատելու մասին» օրենքի նախագծին։

Նախագծով նախատեսվում է ռազմավարական այնպիսի մոտեցումների որդեգրում, որոնք կապահովեն կրթության կայուն զարգացման առավել նպատակամղվածություն, որակ, արդյունավետություն և արդյունավորություն:

Նախագծի հիմնավորման մեջ ասվում է, որ ներկայում հետպատերազմյան իրադրությունը և Քովիդ-19 համավարակի հետևանքով առաջացած մարտահրավերներն անխուսափելի են դարձնում կրթության ոլորտի վերափոխման ու նոր ուղեգծերի սահմանման անհրաժեշտությունը, և դրանք զարգացման պետական ռազմավարական փաստաթղթով ամրագրելը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել