Ազգային ժողովում քննարկվել են ավտոմեքենաների ապահովագրության նոր կարգավորումների հետ կապված հարցեր

Ազգային ժողովում ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանի նախաձեռնությամբ փետրվարի 14-ին կազմակերպվել էր աշխատանքային քննարկում՝ կապված բազային ապահովագրավճարի չափի ավելացման հետ: Քննարկմանը մասնակցել են պատգամավորներ, ոլորտով շահագրգիռ կազմակերպությունների ներկայացուցիչներ, վարորդներ:

Այս մասին հայտնում են Ազգային ժողովից:

Հարցն այն է, որ փետրվարի 7-ից  ուժի մեջ են  մտել ավտոմեքենաների  ապահովագրության նոր կարգավորումները, ինչը նշանակում է, որ  այսուհետ նոր պայմանագիր կնքող բոլոր վարորդները պետք է վճարեն 41 հազար դրամ՝ անկախ մեքենայի տեսակից  ու ձիաուժից: Այս սակագինը, սակայն, հետագայում կփոխվի՝ կբարձրանա կամ կիջնի՝ կախված վարորդի վարքից: 3000 դրամ ավել ապահովագրավճար վճարելու  փոփոխությունը ցույցի էր հանել մի խումբ դժգոհ վարորդների, որոնք պահանջում էին չեղարկել փոփոխությունը:

Քննարկման նախաձեռնող Արմեն Խաչատրյանը նշել է, որ հանրության շրջանում կան կասկածներ՝ ապահովագրավճարների բարձրացման հիմնավորվածության կապակցությամբ, ուստի քննարկումը նախաձեռնվել է, որպեսզի կողմերը մանրամասն պարզաբանեն հարցերն ու իրավիճակը:

Հայաստանի ավտոապահովագրողների Բյուրոյի գործադիր  տնօրեն Վաղինակ Եղիազարյանը պարզաբանել է, որ բազային ապահովագրավճարի վերին շեմն  ավելացվել է 3000 դրամով,  հանվել է ներքին շեմը: Մինչ այժմ առկա էին վերին եւ ներքին շեմեր:  Երկրորդ փոփոխությունը խմբային-ռիսկային գործակիցներից փուլային  հրաժարումն է: Խմբային-ռիսկային գործակիցներն իրենցից ներկայացնում են տարբեր ապահովադիրների խմբերի համար սահմանված գործակիցներ, որոնք ավելացնում կամ պակասեցնում են ապահովագրական ապահովագրավճարը՝ կախված մեքենայի հզորությունից եւ օգտագործման նպատակից:

Երրորդ փոփոխությունը վերաբերում է այսպես կոչված Բոնուս-Մալուս համակարգի վերանայմանը: Դա մի համակարգ է, որն իրենից ներկայացնում է անհատական ռիսկերի, այսինքն ապահովադիրների  պատմության հիման  վրա հիմնված սակագների ճշգրտում՝ վերեւ կամ ներքեւ՝ պայմանավորված դրական կամ բացասական վարքագծից: Վաղինակ Եղիազարյանը նշել է, թե Բոնուս-Մալուս համակարգն իրեն չէր արդարացնում, ուստի անհրաժեշտություն է առաջացել վերանայել այն:

Ըստ զեկուցողի՝ ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության ապահովագրավճարները փոփոխության չէին ենթարկվել ներդրումից ի վեր՜ 2010 թվականից, թեեւ աճել են մեքենաների վերանորոգման եւ պահեստամասերի գները, ավելացել է փոխհատուցվող գումարի ծավալը:  «Այսօր համակարգի կայունության խնդիր է առաջացել»,-ասել է նա՝ հավելելով, որ խնդիրը դեռեւս տարիներ առաջ է ի հայտ  եկել: «Փոփոխությունների արդյունքում  ակնկալվում է, որ անհատական ռիսկերի վրա հիմնված  գնագոյացման մոդելին անցումը հնարավորություն կտա ավելի արդար սակագներ ձեւավորել ապահովադիրներին եւ ապահովել ընկերությունների միջեւ առողջ մրցակցություն»,- նշել է զեկուցողը:

Փոփոխությունների վերաբերյալ այլ կարծիքի էին ընդդիմախոսները: Նրանք նշում էին,  որ ոլորտում բազմաթիվ խնդիրներ կան՝ սկսած ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման հարցից, վերջացրած ապահովագրական ընկերությունների կողմից վնասների գնահատումից, ինչը համարժեք չի կատարվում:  «Խոսեցինք ամեն ինչից, սակայն չանդրադարձանք ապահովագրական ընկերությունների վատ սպասարկմանը»,- նկատել է քաղաքացի Արման Ադոնցը՝ առաջարկելով սկզբում բարելավել սպասարկման որակը, այնուհետեւ բարձրացնել սակագները:  Թե քննարկման մասնակիցները, թե պատգամավորներն ոլորտի պատասխանատուներին հորդորել են փոփոխություններ իրականացնելուց առաջ  ծավալել քննարկումներ, հանրությանը իրազեկել փոփոխությունների մասին:

Քննարկման մասնակից Արտակ Խաչատրյանն էլ կարծում էր, թե կատարված փոփոխությունները վարորդներին պատժելու նպատակ ունեն. դրանք բացասական են եւ վատթարացնում են շահառուների վիճակը:

«Իրազեկ եւ պաշտպանված վարորդ» ՀԿ նախագահ  Բաբկեն Պիպոյանն իր ելույթում նկատել է՝ ճանապարհային երթեւեկության անվտանգության հարցն այսօր մղվել է երկրորդ պլան, համակարգն էլ աշխատում է ոչ թափանցիկ: Ըստ նրա՝ բերվել է մի համակարգ, որը լի է թերություններով:  Նա առաջարկել է 1,5-2 ամսով հետաձգել  դրա կիրարկումը՝ ստանալու համար մի փաթեթ, որի փիլիսոփայությունն ու մոտեցումներն ուղիղ կապ կունենան այն հիմնական նպատակների հետ, որոնք որդեգրվել են ԱՊՊԱ-ն որպես համակարգ ներդնելիս:

Ամփոփելով քննարկումը՝ պատգամավոր Արմեն Խաչատրյանը կարեւորել է ծավալված քննարկումը՝ նույնպես նշելով համակարգի բարեփոխման անհրաժեշտությունը: Ըստ նրա՝ շեշտը պետք է դնել այն խնդրի վրա, որ նվազեն ճանապարհատրանսպորտային պատահարները:  «Կձեռնարկենք միջոցներ, որ գալիք տարի քաղաքացիները բողոքելու պատճառներ չունենան»,- ասել է նա:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել