Եվրոպական միությունը շարունակելու է Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների վերադարձի ուղղությամբ աշխատանքը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը փետրվարի 14-ին ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրոպական միության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը մասնակցել է նաև Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիտորինը:

Այս մասին հայտնում են պաշտպանության նախարարությունից:

Ողջունելով հյուրերին՝ ՀՀ պաշտպանության նախարարը շնորհակալություն է հայտնել ԵՄ ղեկավարությանը և անձամբ դեսպան Կլաարին Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների հայրենադարձման ուղղությամբ գործադրվող ակտիվ ջանքերի համար, ներկայացրել Արցախում և հայ-ադրբեջանական սահմանագոտում տիրող իրավիճակը:

«Տոյվո Կլաարն իր հերթին նշել է, որ Եվրոպական միությունը պատրաստ է աջակցություն ցուցաբերել հակամարտության վերջնական կարգավորման և իրավիճակի կայունացման գործում, նպաստել տարբեր ձևաչափերով բանակցությունների ակտիվացմանը: Նշվել է, որ Եվրոպական միության կողմից շարունակվելու է հումանիտար ոլորտում աշխատանքների իրականացումը, մասնավորապես՝ ռազմագերիների, այլ պահվող անձանց և անհայտ կորածների վերադարձի ուղղությամբ»,- նշվում է հաղորդագրության մեջ:

Ըստ աղբյուրի՝ հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են նաև տարածաշրջանային անվտանգությանն առնչվող այլ հարցերի:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել