Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանն ու Առողջապահության նախարար Միքայել Հայրիյանը փետրվարի 14-ին այցելել են Ասկերանի շրջանային բուժմիավորում և տեղում ծանոթացել հիմնարկի անցած տարվա գործունեության ցուցանիշներին:
Այս մասին հայտնում են պետական նախարարի աշխատակազմից: Արտակ Բեգլարյանը մանրամասն իրազեկվել է կատարված աշխատանքների ու առկա խնդիրների մասին և բուժանձնակազմի հետ քննարկվել բուժսպասարկման որակի բարձրացմանը, շենքային ու տեխնիկական պայմանների բարելավմանն առնչվող հարցեր:
Արտակ Բեգլարյանը հավաստիացրել է, որ ԱՀ կառավարությունն անհրաժեշտ ու վճռական քայլեր է իրականացնելու՝ համակարգային լուծումներով հարթելով առկա խնդիրները:
Պետական նախարարն ընդգծել է, որ նախատեսվում է մի շարք բարեփոխումների միջոցով ուժեղացնել շրջանային բուժմիավորումների կարողությունները և ակտիվ գործունեություն ծավալել հատկապես կանխարգելիչ առողջապահության արդյունավետության մակարդակի բարձրացման ուղղությամբ: