Տիգրան Արզաքանցյանին պահանջում են սնանկ ճանաչել

ԱԺ նախկին պատգամավոր Տիգրան Արզաքանցյանին սնանկ ճանաչելու պահանջով դատարան է դիմել գործարար Սմբատ Նասիբյանը։ «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից Իրավաբան․net-ը տեղեկանում է, որ գործը մակագրվել է դատավոր Լիլիթ Կատվալյանին։

Դատարանը որոշել է սնանկության ժամանակավոր կառավարիչ նշանակել Գևորգ Գևորգյանին: Հայցադիմումը ներկայացնելու համար 200.000 դրամ պետտուրք է վճարվել։

Հիշեցնենք, որ Տիգրան Արզաքանցյանը մեկ այլ գործով էլ ամբաստանյալ է։ Նա մեղադրվում է կեղծ փաստաթուղթ օգտագործելու մեջ։ Ըստ մեղադրանքի՝ նա 2021 թվականի մայիսի 25-ին Երևան քաղաքի Դավթաշեն վարչական շրջանում գտնվող ՀՀ Ոստիկանության անձնագրային և վիզաների վարչություն է ներկայացրել կեղծ փաստաթուղթ հանդիսացող տեղեկանք, որ սովորել է ՌԴ ինստիտուտում։ Այս փաստաթղթով նա կարողացել է տեղեկանք ձեռք բերել, որ վերջինս 4 տարում ՀՀ-ում է բնակվել եւ ներկայացրել է ԿԸՀ։

Տիգրան Արզաքանցյանը պատգամավորի թեկնածու էր գրանցվել, հետագայում այդ որոշումը անվավեր էր ճանաչվել։ Նա առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր է ճանաչել։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել