Անդրանիկ Քոչարյանը նամակ է ուղարկել ընդդիմադիր 4 պատգամավորի ու խնդրել պարզաբանել՝ մասնակցելու են քննիչ հանձնաժողովի նիստերին, թե՝ ոչ

Ազգային ժողովում ընթանում է 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ՀՀ ԱԺ քննիչ հանձնաժողովի առաջին նիստը։ Հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը հայտարարեց, որ նամակ է ուղարկել «Պատիվ ունեմ» և «Հայաստան» խմբակցություններից 4-ին, նրանք են՝ Տիգրան Աբրահամյանը, Գեղամ Նազարյանին, Գեղամ Մանուկյանին և Արթուր Ղազինյանին։ Պատճառը ընդդիմադիր խմբակցությունների հայտարարություն է, ըստ որի, վերջիններս հրաժարվում են մասնակցել 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված ռազմական գործողությունների հանգամանքների ուսումնասիրման նպատակով ստեղծված ԱԺ քննիչ հանձնաժողովի աշխատանքներին։

Աբրահամյանը նշեց, որ իշխանության մասնակցությամբ ու գլխավորությամբ այս հանձնաժողովի աշխատանքների իրականացումը չի կարող օբյեկտիվ լինել։

«44-օրյա պատերազմի հանգամանքների բացահայտումը, հանրությանը ներկայացումը շարունակում է մնալ մեր առաջնահերթություններից մեկը, բայց մենք համարում ենք, որ այդ աշխատանքները պետք է իրականացվեն այն ժամանակ, երբ այս իշխանությունը չլինի իշխանություն։ Այն իշխանությունը, որն ունի պատասխանատվություն, որի օրոք տեղի են ունեցել այդ իրադարձությունները, նրա գլխավորությամբ իրականացված աշխատանքը չի կարող ունենալ օբյեկտիվություն»,-նշեց Աբրահամյանը։

Գեղամ Նազարյանը նշեց, որ այնպես չէ, որ իրենք մի կողմ են քաշվելու։ Գեղամ Մանուկյանն էլ նշեց, որ հիմա ընդդիմության ներկայացուցիչները լքում են նիստերի դահլիճը և եթե մի օր նպատակահարմար գտնեն, կգան կմասնակցեն հանձնաժողովի աշխատանքներին։

Քոչարյանը նշեց, որ սա հանձնաժողովի բացառիկ բաց նիստերից է․ «Բաց նիստ կլինի աշխատանքի ավարտական փուլում»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել