Երկրաշարժը Շիրակի մարզում մեծ ուժգնությամբ զգացվել է Գյումրիում՝ բնակելի շենքերում, ինչպես նաև Աշոցքի տարածաշրջանում, ֆեյսբուքյան իր էջում գրել է Շիրակի Մարզպետ Նազելի Բաղդասարյանը։
«Աշոցք համայնքի ղեկավար Կարեն Մանուկյանի փոխանցմամբ այս պահի դրությամբ արձանագրված փլուզումներ չկան։ Շիրակի մարզային փրկարարական վարչություն պետ Ալեքսան Գյոզալյանի փոխնցմամբ Գյումրիում ևս փլուզման ահազանգեր չեն եղել», – գրել է նա։
Ավելի վաղ ՀՀ ԱԻՆ-ից հայտնել են, որ ժամը 22:25 -ին (Գրինվիչի ժամանակով ժամը` 18:25-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41.19⁰ և արևելյան երկայնության 43.97⁰ աշխարհագրական կոորդինատներով Վրաստան-Հայաստան` Բավրա քաղաքից 16 կմ հյուսիս-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 5.2 մագնիտուդով երկրաշարժ:
Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 6-7 բալ:
Երկրաշարժը զգացվել է Շիրակի, Լոռու, Արագածոտնի մարզերում 4-5 բալ ուժգնությամբ և Երևան քաղաքում 3 բալ ուժգնությամբ:
Երկրաշարժը զգացվել է նաև հարևան Վրաստանում, մասնավորապես՝ Թբիլիսիում։
Վրաստանի սեյսմիկ մոնիտորինգի ազգային կենտրոնի տվյալներով՝ երկրաշարժի ուժգնությունը կազմել է 5,8 մագնիտուդ (ML):
Ստորգետնյա ցնցումները գրանցվել են Թբիլիսիի ժամանակով 22:25-ին։ Զոհերի և ավերածությունների մասին դեռևս չի հաղորդվում։