Կուսակցությունը ձևավորել է հանձնաժողովներ, որոնք պետք է զբաղվեն ոլորտային խնդիրներով

2022թ․ փետրվարի 12-ին տեղի է ունեցել «Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցության գործադիր մարմնի ընդլայնված նիստ-քննարկումը։ Այս մասին տեղեկանում ենք կուսակցության տարածած հաղորդագրությունից։

Քննարկմանը մասնակցել են նաև «Զարթոնք» ԱՔԿ՝ Գյումրի, Թալին, Խոյ և Արաքս համայնքների ավագանու անդամները։

Քննարկմանը հրավիրված բանախոս պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը ներկայացրել է հայ-թուրքական հարաբերությունների սերտաճման վտանգները։ Ռուբեն Մելքոնյանը նշել է, որ թուրքական կողմն այդ հարաբերություններում ակնկալում է Հայաստանի կողմից թուրքական նախապայմանների ընդունում, մասնավորապես՝ 1) Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումից և պահանջատիրությունից հրաժարում, 2) թուրքական սահմանների, ինչպես նաև վերջին միջազգային պայմանագրի (Կարսի պայմանագրի) ճանաչում, 3) Արցախի ինքնորոշման իրավունքից հրաժարում։

Քննարկմանը հրավիրված բանախոս քաղաքագետ Վազգեն Պետրոսյանը ներկայացրել է ամփոփ տեղեկություններ աշխարհաքաղաքական իրադարձությունների և հնարավոր զարգացումների մասին։

Ներկաները կարևորել են ազգային ինքնագիտակցության արթնացումը, ինչպես նաև որպես պատմական փաստ արձանագրել են, որ 1915 թվականի ցեղասպանությունից ուժասպառ եղած հայ ազգը կարողացել է 3 տարի հետո իր մեջ ուժ գտնել և պետություն ստեղծել։

Նշված թեմաների շուրջ քննարկումից հետո «Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցության անդամներն անցել են կուսակցության ներքին հարցերին։

Համայնքներում տիրող վիճակի մասին համառոտ տեղեկություններ են ներկայացրել Թալին համայնքի ավագանու անդամ Մնացական Մնացականյանը, Խոյ համայնքի ավագանու անդամ Գուրգեն Գրիգորյանը, Արաքս համայնքի ավագանու անդամ Վարդան Միրզախանյանը, Գյումրի համայնքի ավագանու անդամ Կարեն Սոսյանը և մյուս գործընկերները։

Որոշվել է ստեղծել ՏԻՄ աշխատանքներին օժանդակող կենտրոնական հանձնախումբ, որը համայնքների Զարթոնք խմբակցությունների հետ համագործակցելով՝

• Կապահովի ավագանու նիստերի օրակարգերում ընդգրկված նյութերի նախնական իրավական փորձաքննությունը․

• Կարձանագրի մյուս համայնքների համանման խնդիրները և խնդիրների լուծման որևէ համայնքի լավագույն փորձը կփոխանցի մյուս համայնքների խմբակցություններին․

• Խմբակցության առաջարկով կկազմակերպի հայցադիմումի կազմումը և դատական ներկայացուցչությունը՝ համայնքի ավագանու կամ ղեկավարի որոշումների վիճարկման հարցերով։
Կուսակցությունը ձևավորել է նաև հանձնաժողովներ, որոնք պետք է զբաղվեն ոլորտային խնդիրներով։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել