Փաստաբան, «Արդար Հայաստան» կուսակցության նախագահ Նորայր Նորիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«44-օրյա պատերազմի հարցերով քննիչ հանձնաժողովի նպատակը պետք է լինի բացահայտելը, թե ինչ է կատարվել 2020 թվականի աղետալի պատերազմում, որովհետև այդ հանձնաժողովում հարցեր կան, ինչպես գործող իշխանությանը, այնպես էլ խորհրդարանական ընդդիմությանը և իրենց առաջնորդներին, իրենք այդ հարցերի պատասխաններից են խուսափում:
Այդ հանձնաժողովը պետք է պատասխանի մի քանի հարցերի՝ հնարավո՞ր էր խուսափել պատերազմից և ո՞րն էր պարտության հիմնական պատճառը, ի՞նչ պետք էր արվեր 30 տարվա ընացքում, որ չի արվել, որպեսզի խուսափեինք պարտությունից և որո՞նք էին պարտության պատճառները, այսինքն, այս իրավիճակում խորհրդարանական բոլոր խմբակցությունները և իրենց առաջնորդները պատասխանատու են այսօրվա իրավիճակի համար, իրենք բոլորը պետք է պատասխան տան, թե ինչու հանկարծ մենք հայտնվեցինք այս իրավիճակում:
Մենք պետք է հասկանանք, թե ինչ հասանելիություն ենք ունենալու այդ հանձնաժողովի աշխատանքներին , որովհետև անձամբ ինձ համար շատ սկզբունքային է այդ գործընթացում օբյեկտիվության պահպանումը, որովհետև մենք ուղիղ հարցնելու ենք Ռոբերտ Քոչարյանին, Սերժ Սարգսյանին, Նիկոլ Փաշինյանին՝ թե ինչպիսի գործունեություն են իրականացրել իրենց կառավարման ընթացքում, որ նման ողբերգական իրավիճակում ենք հայտնվել: Մենք փորձելու ենք թույլ չտալ, որ հանձնաժողովի աշխատանքների ընթացքում գործողները նախկիններին, նախկինները ՝ գործողներին մեղադրեն, մենք ասում ենք՝ եկեք հաշիվ ներկայացրեք, թե ինչ գործունեություն եք ծավալել, որի արդյունքում այսօրվա ողբերգական պատկերն է:
Մեր լիազորությունների շրջանակը մեզ դեռ չի ներկայացվել, իսկ ես չեմ պատրաստվում գնալ, այնտեղ նստել մի պատի անկյունում ու լսել, թե ով՝ ինչ է ասում, եթե մեր լիազորությունները հստակ կլինեն՝ միայն այդ ժամանակ կկարողանանք հստակ դիրքորոշում հայտնել»,- գրել է նա:
Նշենք, որ Նորայր Նորիկյանը ևս ընդգրկվել է 44-օրյա պատերազմի հարցերով քննիչ հանձնաժողովի կազմում: