Այսօր` փետրվարի 10-ին, Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունում տեղի է ունեցել Ծառայության 2021 թվականի գործունեության ամփոփման հաշվետու նիստը, որին ներկա են գտնվել ԱՀ արդարադատության նախարար Ժիրայր Միրզոյանը, նախարարի առաջին տեղակալ Կամո Քոչարյանը, նախարարի տեղակալ Արսեն Սառաջյանը, Ծառայության ղեկավար կազմը և սպայական անձնակազմը:
Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության Արդարադատության նախարարությունից:
Հաշվետվության ընթացքում ԱՀ գլխավոր հարկադիր կատարող, արդարադատության գնդապետ Նարեկ Գրիգորյանը և Ծառայության բաժինների պետերը ներկայացրել են տարեկան կտրվածքով տեղեկություններ` ինչպես հարկադիր կատարողների կողմից գումարների բռնագանձումների, կատարողական վարույթների կարճումների ու ավարտների, այնպես էլ իրականացված այլ առանցքային ծրագրերի ու միջոցառումների վերաբերյալ:
Ամփոփ հաշվետվության ավարտին տեղի է ունեցել նաև նորանշանակ երկու հարկադիր կատարողների երդման ու ծառայողական վկայականների հանձնման արարողություն: